«Տիգրան Առաքելյանին թող դնեն, ասեն՝ իշխի» (տեսանյութ)
Ինչպես փոքրամարմին Տիգրան Առաքելյանը ծեծեց ոստիկանի։ Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած միջադեպից մոտ 2 տարի անց ամեն ուրբաթ գլխավոր դատախազության մոտ հավաքվող նրա աջակիցները չունեն այդ հարցի պատասխանը։
«Վեց հոգու իբր թե ծեծել է, մի բուռ ա, էդ ոնց ծեծեց, դե հենա թող բոլորին ազատեն, այդ մի բուռին դնեն՝ ասեն իշխի Հայաստանը»,- ասում է ՀԱԿ համակիր Լենա Աբրահամյանը։
2-6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանի եւ նրա երեք ընկերների դեմ հարուցված քրեական գործը Վճռաբեկ դատարանի վարույթում է։ Դեռեւս պարզ չէ դատական նիստի օրը։
«Իրենք կանդրադառնան այդ հարցին ընտրություններից հետո, իրենք բոլոր խնդիրները միշտ պահում են օդում կախված, մինչեւ իրենց համար կարեւորագույն խնդիրները լուծվեն»,-ասում է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։
Ակցիային մասնակցող Վլադիմիր Կարապետյանը նկատում է. «Դատարանները անկախ չեն եւ գործում են իշխանությունների թելադրանքով, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ եթե ընդունել է վարույթ, թույլ կտա, որ արդարությունը հաղթի, եւ Տիգրան Առաքելյանը կլինի ազատության մեջ»։
Դատապարտված չորս երիտասարդներից միայն Տիգրան Առաքելյանն է անազատության մեջ, մյուս երեքի ճակատագիրը կախված է Վճռաբեկ դատարանի որոշումից։