ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ԱՆԱՊԱՅԻ ՀԵՏ Է
Աջակցիր «Ա1+»-ինԼուսանկարը տրամադրել է «Կինոշոկ» փառատոնի մամլո կենտրոնը
«Կինոշոկ» փառատոնը Անապայի համար տոն է, որ կրկնվում է ամեն տարի, բայց չի հոգնեցրել իր անկրկնելիությամբ: Բավական է միայն նայել Անապայի բնակիչների ուրախ դեմքերին, խիտ շարքերին, որոնց միջից կինոսիրող հանդիսատեսը փորձում է լուսանկարել, տեսանկարահանել, կամ էլ գոնե պարզապես իր աչքերով տեսնել սիրելի կինոաստղին, ռեժիսորին, կինոգործչին: Իսկ վերջիններս՝ «Կինոշոկի» մասնակիցները, ամեն տարի շքախմբերով անցնում են մարդկանց շարքերի միջով, լուսանկարվում նրանց հետ, ինքնագրեր բաժանում:
Իհարկե, սեպտեմբերյան ահաբեկչությունները թողել են իրենց հետքը՝ այս տարի «Կինոշոկը» տարբերվում է ընդգծված անվտանգության միջոցառումներով: Ուժեղացված հսկողություն բոլոր այն տարածքներում, որտեղով պետք է անցնեն մասնակիցները, տեղի ունենան միջոցառումներ:
Երբ բացման արարողության վարողներն արտասանեցին Բեսլան քաղաքի անունը, բոլոր մասնակիցները անխոս ոտքի կանգնեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Այս տարի փառատոնին ներկայացված է լինելու չորս մրցութային ծրագիր՝ «լիամետրաժ» կինոժապավենով նկարահանված լիամետրաժ ֆիլմեր, «ֆիլմ առանց կինոժապավենի»` տեսաժապավենով եւ թվային ֆորմատով նկարահանված լիամետրաժ ֆիլմեր:
Առաջին անգամ տեղի կունենա «Շորտ շոկ» մրցույթը, որին ներկայացված են կարճամետրաժ ֆիլմեր: Այդ ֆիլմերը գնահատվելու են միջազգային ժյուրիի կողմից, որը կազմված է միջազգային հանրահայտ փառատոնների ներկայացուցիրչներից: «Կինոշոկ»-ի պատմության մեջ երկրորդ անգամ տեղի կունենա «Կինոմալիշոկ» մրցույթը, որտեղ ընդգրկված են մանկական ֆիլմեր, իսկ ժյուրին կազմված է տարբեր ազգեր ներկայացնոց փոքրիկներից:
Փառատոնը տեւելու է 10 օր: Այսօրվանից սկսվելու են կինոդիտումները: Սակայն բացի աշխատանքային միջոցառումներից նախատեսվում են նաեւ համերգային, մշակութային, ինչպես նաեւ աշխատավորական միջոցառումներ, ասենք, ինչպիսին խաղողահավաքն է` «Ռուսկայա Լոզա» գործարանի խաղողի այգիներում:
Իսկ այսօր ուշ երեկոյան հատուկ «Կինոշոկ»-ի մասնակիցների համար ելույթ կունենա Ջիվան Գասպարյանը:
Սեդա Մուրադյան
Անապա