Թուրք գործարարները Հայաստանում են
Այսօր Երեւանում սկսվեց հայ եւ թուրք գործարար կանանց ֆորում։ Շուրջ 30 թուրք գործարարներ ներկայացնում էին որոշ նմուշներ՝ սնունդ, հագուստ եւ այլն։
«Դիջլե Ամբալաժ» արդյունաբերական ընկերության սեփականատեր Նեզահաթ Սոյդամալը արդեն 12 տարի է Դիարբեքիրում զբաղվում է սննդի արդյունաբերությամբ` արտադրում մեղր, յուղ եւ պանիր:
Նա առաջին անգամ է եկել Հայաստան համագործակցության եզրեր գտնելու համար:
«Եթե հնարավոր լինի, մեր արտադրությունը կբերենք էստեղ վաճառքի կհանենք եւ ստեղից արդեն սարքավորումներ ու նյութեր կտանենք մեր մոտ: Մեզ համար տարբերություն չկա Հայաստան, թե Թուրիքա: Եւ անցյալի իրադարձություններն էլ որեւէ դեր չեն խաղում: Մենք ուզում ենք պարզապես մեր բիզնեսը նեդնենք եւ ընկերական համագործակցենք միմյանց հետ»,-ասում է Նեզահաթ Սոյդամալը:
Նա կարծում է, որ կանայք բիզնեսում ամեն ինչ ավելի գեղեցիկ են անում: Միեւնույն ժամանակ նշում, որ սննդի արդյունաբերության ոլորտում Թուրքիայում կին գործարարները շատ քիչ են, հիմնականում զբաղվում են տղամարդիկ:
Ֆորումին թուրք գործարարների բիզնեսը Հայաստանում ներդնելու համար արտոնությունների եւ ազատ տնտեսական գոտիների մասին խոսեց նաեւ հայկական կողմը:
«Եթե դրսից ներդրումները գերազանցում է 300 միլիոն դրամը, ապա ավելացված արժեքի հարկը հետաձգվում է 3 տարով, երկրորդը` եթե ներմուծվում են ներդրումային ապրանքներ, դրանց մաքսատուրքը 0 տոկոս է եւ երրորդը` եթե կան ներդրումային ծրագրեր, առկա վարկային միջոցներից պետությունը կարող է սուբսիդավորել այս վարկերը կամ տրամադրել ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքակնության վարչության պետ Վահագն Լալայանը:
Նշենք, որ ֆորումը տեւելու է 2 օր, որի ընթացքում հայ եւ թուրք գործարարները կփորձեն հասկանալ ինչպես պետք է սկսել համագործակցությունը: