Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆավորիտները «Բարսելոնան» ու «Բավարիան» են

Սպորտ
4f9e65e476fa058c4bd518d58fb7af14

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իսկական իրարանցում է առաջացրել ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպումը: Խաղի տոմսերն վաղուց սպառված են, սակայն սեւ շուկայում դրանք վաճառում են 300-1300 եվրոյի սահմաններում:

Նախկինում թիմերն արդեն երեք անգամ հանդիպել են եվրոգավաթներում: Կողմերը տարել են մեկական հաղթանակ, իսկ մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: Խփած եւ բաց թողած գոլերով նույնպես հավասարություն է տիրում` 3:3:

Մասնագետների կարծիքով ներկայումս հանդիպման ֆավորիտը «Բարսելոնան» է: Կատալոնցիները չեմպիոնների լիգայի այս մրցաշարի խաղերում կատարել են 6073 ճիշտ փոխանցում, 2858-ով ավելին, քան ՊՍԺ-ի ֆուտբոլիստները: «Բարսելոնան» իր բոլոր 15 գոլերն էլ խփել է խաղից:

ՊՍԺ-ն իր հերթին համարվում է մրցաշարի ամենաամուր պաշտպանություն ունեցող թիմերից մեկը: Նախորդ 8 խաղերում թիմը բաց է թողել ընդամենը 5 գոլ:

Այսօր Մյունխենում կմրցեն տեղի «Բավարիան» ու Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը»: Այս խաղի ֆավորիտ համարվում է դաշտի տերերի թիմը: «Բավարիան» սեփական դաշտում անցկացրած 19 խաղերից 16-ում հաղթանակ է տարել: Մյունխենցիները այս մրցաշարում խփել են 18 գոլ, ընդ որում չեն կարողացել գրավել միայն Լոնդոնի «Արսենալի» դարպասը (0:2), իհարկե, առաջին խաղում վստահ հաղթանակ տանելուց հետո (3:1): «Բավարիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել 10 ֆուտբոլիստ:

«Յուվենթուսը» ունի երկու առավելություն: Թիմը ամենաքիչ թվով գոլերն է բաց թողել այս չեմպիոնների լիգայում` 4, բացի այդ դեռեւս ոչ մի պարտություն չի կրել նախորդ 8 հանդիպումներում: