Չորս մասնակից
Ալբանիայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից կմասնակցեն 4 հոգի:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, տղամարդկանց մրցումներում ելույթ կունենան Անդրանիկ Կարապետյանը (77 կգ քաշային կարգ), Հայկ Հակոբյանը եւ Գոռ Մինասյանը (երկուսն էլ գերծանր քաշ), կանանց մրցումներում` Մելինե Դալուզյանը (75 կգ):
Մեր այն հարցին, թե ինչու է Հայաստանը այսպիսի փոքր կազմով մասնակցելու եվրոպական ստուգատեսին, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց:
«Մենք որոշել ենք այս տարի փորձարկել նորեկներին: Լեհաստանում նախատեսված աշխարհի առաջնությունում նույնպես հանդես կգան երիտասարդները: Իսկ ահա հաջորդ երկու տարում մենք կմասնակցենք լրիվ կազմերով, քանի որ այդ մրցումները օլիմպիական վարկանիշ են տալու»:
Այնուամենայնիվ, մեր ծանրորդները տարեկան մասնակցում են միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ուստի միջազգային փորձ ձեռք բերելու համար ցանկալի է դրանց մասնակցել լրիվ կազմերով:
«Մենք չենք ցանկանում ավելորդ միջոցներ քամուն տալ: Այս տարի կստուգենք մի քանի նորեկներին: Հաջորդ տարվանից նոր կսկսենք ձեւավորել հավաքականի հիմնական կազմը, որը կպատրաստվի օլիմպիական խաղերին» - եզրակացրեց փորձառու մասնագետը:
Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը այժմ ուսհավաք է անցկացնում Աբովյանում: Մեր թիմը Ալբանիա կմեկնի ապրիլի 6-ին: