Փոստանջյանը հարցրեց վարչապետին՝ գալո՞ւ եք (տեսանյութ)
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանը սկսվեց գրավոր հարցերի պատասխանից:
Պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցը Տրանսպորտի եւ կապի նախարարին էր ուղղված:
Պատգամավորը փոխանցում էր Արմավիրի մարզի Արեւաշատ եւ Մուսալեռ համայնքների բնակիչների մտահոգությունը:
«Չնայած այս համայնքները շատ մոտ են մայրաքաղաքին, բայց այնտեղից Երեւան հասնելը, բավական դժվար է: Երթուղայինները վատ են աշխատում կամ ընդհանրապես չկան»,- ավելացրեց տիկին Աճեմյանը:
Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ Արեւաշատ համայնքում արդեն գործում է երթուղի:
Մյուս երկու երթուղիները սպասարկում են Երեւան -Զվարթնոց ուղին: «Ինչ վերաբերում է Մուսալեռին, ապա այստեղ, շատ շուտով կավելավի նոր երթուղի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հովհաննես Մարգարյանի հարցը ուղղված էր Առողջապահության նախարարին: Նա անհանգստանում էր հանրապետությունում դիահերձարանների խայտառակ վիճակից։
Դերենիկ Դումանյանը ընդունեց, որ այս ոլորտում խնդիրներ առկա են ու հավաստիացրեց, որ դրանք մշտապես Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:
«Ամբողջ հանրապետություն ուսումնասիրվում է պաթոլոգիաանատոմիական ծառայությունների վիճակը: Ու պետք է ասեմ, որ հանրապետությւնում վիճակն այդքան էլ բարվոք չէ: Կա թե շենքային պայմմաների խնդիր, թե սարքավորումների, եւ թե կադրերի խնդիր»,- ասաց Դերենիկ Դումանյանը ու հավելեց, որ այդ հարցերը շուտափույթ լուծում կստանան: Ինչ վերաբերում է Գյումրիին, որտեղ առնետները կերել էին դիակի մատները, նախարարը հավաստիացրեց, որ դիահերձարանի տեղը տեղափոխելն արդեն քննարկվում է:
Արդեն բանավոր հարցերի ժամանակ, առաջինը խոսափողին մոտեցավ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, նախ շնորհավորեց բոլորին «բարեւի հեղափոխության» առիթով ու հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Կարծում եմ դուք էլ անմասն չեք մնա բարեւի հեղափոխությունից: Ուզո՞ւմ եմ իմանալ ուրբաթ օրը, ժամը 18.00-ին մասնակցելու եք արդյոք Ազատության հրապարակում կազմակերպված հաղթահավաքին»:
Վարչապետը հենց տեղից ասեց, որ չի պատրաստվում մասնակցել հավաքին: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հորդորով մոտեցավ խոսափողին. « Ես չեմ մասնակցի հանրահավաքին: Վաղը իմ աշխատանքային օրակարգում, շատ ավելի կարեւոր միջոցառումներ կան»: Վարչապետը հորդորեց նաեւ «Ժառանգության» ներկայացուցչին ավելի կոռեկտ լինել հայտարարություններում ու հարգել Հանրապետական կուսակցության դիրքորոշումը: