Զուգահեռ հավաքներ Արտաշատում եւ Կապանում (տեսանյութ)
Մարդկանց ուղեկցությամբ, երաժշտության հնչյունների ներքո Ազատության հրապարակի հարթակ բարձրացավ «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա սովորույթի համաձայն Եռագույնը բերեց դրեց մարդկանց առաջին շարքում, ծունկի իջավ, համբուրեց այն:
Հրապարակը բազմամարդ է: «Բարեւ, հաղթանակած հայ ժողովուրդ. եկեք հարգենք մեր ոստիկանությանը եւ ընդառաջենք նրանց կոչին` իջեք արձանների պատվանդաններից` հարգելով մշակութային արժեքները»,- հավաքն այս խոսքերով բացեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ հրապարակում հավաքվածներն արդեն հաղթել են:
Նա նշեց նաեւ, որ այս խաղաղ բարեւի հեղափոխությունն ամբողջ Հայաստանով է տարածվել եւ որքան էլ փորձեն մարզպետարանի աշխատակիցներն ու թաղային հեղինակությունները խոչընդոտել այս հավաքները, չի ստացվելու. «Մի հրաշալի տեղեկություն էլ ունեմ հայտնելու` Արտաշատում ու Կապանում եւս նման հավաքներ են ընթանում այս պահին: Մենք մեր ուզած Հայաստանն անպայման կառուցելու ենք»: «Հա-յաս-տան»,- արձագանքեցին հավաքվածները: