Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄՐՑԻ ՄԱԿՈԴՈՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ

Սպորտ

Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2004/05թթ. խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» վիճակահանության արդյունքներով մրցելու Մակեդոնիայի չեմիպիոն «Պոբեդայի» հետ:

Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 14-ին Մակեդոնիայում, իսկ պատասխան մրցավեճը հուլիսի 21-ին Երեւանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Սկոպյեում Մակեդոնիայի հավաքականը ընդունելու է Հայաստանի հավաքականին, եւ «Պոբեդայի» եւ «Փյունիկի» դիմակայությունը յուրահատուկ նախերգանք կլինի ազգային հավաքականների հանդիպումից առաջ:

Այսօր կկայանա նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության վիճակահանությունը, որի ժամանակ հայտնի կդառնան Գյումրիի «Շիրակի», Երեւանի «Բանանցի» եւ Աշտարակի «Միկայի» մրցակիցները:

«Պոբեդային» հաղթելու դեպքում «Փյունիկի» մրցակիցը կլինի Դոնեցկի «Շախտյորը»` Ուկրաինայի փոխչեմպիոնը: