Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ԽԱՂԱԴԱՇՏ

Սպորտ

Ընթացիկ մրցաշրջանի սկզբից հայկական ֆուտբոլային ակումբների համար լուրջ խնդիր էր դարձել որակյալ մարզադաշտերի պակասը: Այն մարզադաշտերը, որտեղ հնարավոր էր հանդիպումներ անցկացնել խիստ ծանրաբեռնված էին: Ներկայումս իրավիճակը կարծես բարելավվում է: Վերջերս վերակառուցումից հետո շահագործման հանձնվեց «Նաիրի» մարզադաշտը, իսկ հունիսի 25-ին տեղի կունենա «Էրեբունի» մարզադաշտի բացումը, որը պատկանում է «Կոտայքին»:

«Էրեբունի» մարզադաշտի վերագործարկումը հնարավոր դարձավ նաեւ ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարների նպատակային տնօրինման շնորհիվ, ինչպես նաեւ ՀՖՖ նախագահի հանձնարարությամբ «Կոտայք» ակումբին նվիրաբերված 605 նստարանների, այլ օժանդակ պարագաների արդյունքում:

Հունիսի 25-ին «Էրեբունի» մարզադաշտում «Կոտայքը» կհյուրընկալի «Փյունիկին»:

Որակյալ մարզադաշտերի առկայությունը շատ կարեւոր է Հայաստանի առաջնության մակարդակը բարձրացնելու համար եւ ուրախալի է, որ այս հարցում առաջընթաց նկատվում է, չնայած մեծ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի ամբողջ հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտեր ունենանք: