ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՄԱՐԶԻՉ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացանք, որ ֆեդերացիան բանակցություններ է վարում մի շարք երկրների առաջատար մարզիչների հետ եւ առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականը կունենա նոր մարզիչ:
Հայտնի է դարձել նաեւ, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան նամակով դիմել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` տեղեկացնելով, որ պայմանագրային ժամկետի ավարտի կապակցությամբ եւ ընտանեկան հանգամանքներից ելնելով ինքը հրաժարական է տալիս:
Միխայ Ստոյկիցան իր համար մեծ պատիվ է համարել ՀՖՖ նախագահի հետ աշխատելը եւ հետագա համագործակցության հույս հայտնել։
ՀՖՖ նախագահն ընդունել է Միխայ Ստոյկիցայի հրաժարականը` վերջինիս մաղթելով նոր հաջողություններ:
Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ հեռանալուց առաջ Ստոյկիցան ջերմորեն հրաժեշտ է տվել Հայաստանում ձեռք բերած իր ծանոթներին եւ նշել, որ ամենեւին էլ չէր ցանկանում հեռանալ Հայաստանից:
Առայժմ հայտնի չէ, թե ով է մարզելու «Փյունիկը», որը հուլիսի 15-ին իր ելույթները կսկսի Չեմպիոնների լիգայի 2004/05թթ. մրցաշրջանում: