Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՌԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Սպորտ

Մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2004թ. գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, ուր մրցեցին Երեւանի «Փյունիկը» եւ «Բանանցը»:

Հանդիպման սկզբնամասում ավելի ակտիվ էին «Բանանցի» ֆուտբոլիստները, սակայն վտանգավոր պահեր «Փյունիկի» դարպասի մոտ չէին ստեղծվում: Իսկ ահա 23-րդ րոպին «Փյունիկի» կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը 2-3 մետրից գլխով հարվածեց, բայց հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում: 28-րդ րոպին Դիավարա Մամադուն հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն նրա հարվածը կարողացավ ետ մղել «Բանանցի» դարպասապահ Գանիեւը: Այնուհետեւ սուր հակագրոհ կազմակերպեց «Բանանցը» եւ հարվածային դիրքում հայտնված Ալբերտ Իսկոյանցի ուժեղ հարվածը մի-փոքր շեղ ստացվեց:

2-րդ կեսում «Փյունիկը» ուներ առավելություն եւ ստեղծեց գոլային մի շարք լավ պահեր, բայց մրցակցի դարպասը ոչ մի կերպ չէր հաջողվում գրավել:

Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 0:0 հաշվով եւ ավելացվեց լրացուցիչ 30րոպե, որի ժամանակ դարպասը գրավելու 2 լավ պահ բաց թողեց «Փյունիկի» խաղացող Լեւոն Պաչաջյանը: Լրացուցիչ ժամանակը նույնպես արդյունք չտվեց եւ նշանակվեցին 11 մետրանոց տուգանային հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները եւ հաղթեցին 6:5 հաշվով:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան Անկախության գավաթը հանձնեց «Փյունիկի» ավագ Արթուր Մկրտչյանին, որից հետո տեղի ունեցավ տոնական հրավառություն:

«Փյունիկը» 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը, իսկ ահա թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի համար սա անդրանիկ գավաթն էր: «Փյունիկը» գավաթի ընթացիկ խարարկության բոլոր հանդիպումներում էլ անառիկ պահեց սեփական դարպասը: «Բանանցը» նույնպես լավ տպավորություն թողեց եւ կարելի է ասել անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի իր լավագույն հանդիպումը: Նշենք նաեւ, որ այս մրցավեճին ներկա էր մոտ 7 հազար հանդիսական: