Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բյուջեի դինամիկան

Տնտեսություն
8e93cda83d55a16295807f2955298cf4

2012 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 516.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 76.6% ով և 72.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 13.7 մլրդ դրամ կամ ինն ամիսների համար նախատեսված մուտքերի 75.1%-ը, իսկ ծախսերը` 10.5 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 51.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 491.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 506.2 մլրդ դրամ` ապահովելով իննամսյա ծրագրի համապատասխանաբար 76.7% և 73.1% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 54.4%-ով, ծախսերի գծով` 53%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 23.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.3%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 476.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 75.9% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 7.1% ով կամ 31.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-հուլիս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.9% ով կամ 23.9 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 479.9 մլրդ դրամ` 74.6%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.6%-ով կամ 34 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11.1 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 53.4 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -19.4 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 30.4 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 30.4 մլրդ դրամ, որից 54.4 մլրդ դրամը` փոխառու զուտ միջոցների, 24 մլրդ դրամը` ֆինանսական զուտ ակտիվների գծով:


Այս մասին հայտնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։