Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղտոտ փողերի տեղափոխությունը կկանխվի՞

Տնտեսություն
420565e28e65a3c79f45e5906bf1c813

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Մաքսային Միության սահմանը հատելիս փողերի լվացման և տեռորիզմի ֆինանսավորման դեմ հակամիջոցներ կիրառելու մասին Պայմանագիրը, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Մաքսային սահմանով արժութային միջոցների կամ դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման (լվացման) և տեռորիզմի ֆինանսավորման դեմ ուղղված Պայմանագիրը, որը ստորագրվել է 2011թ. դեկտեմբերի 19-ին, նախապատրաստվել է փողերի լվացման դեմ պայքարի եղանակներ մշակող աշխատանքային խմբի փորձագետների կարծիքների հիման վրա:

ՌԴ գործող օրենսդրության համաձայն մաքսային օրգանները չեն կարող կանգնեցնել կանխիկ դրամական միջոցների կամ դրամական գործիքների տեղափոխությունը` դրանց ձեռք բերման հանցավոր ճանապարհի կամ տեռորիզմը ֆինանսավորելու նպատակի մասին կասկած առաջանալու դեպքում:

Պայմանագրով հաստատվում է, որ մաքսային օրգաններն օժտվում են «նշված միջոցների և գործիքների տեղափոխությունը կանգնեցնելու» իրավասություններով, եթե իրավապահ մարմիններից կամ ֆինանսական դիտորդական օրգաններից ստացել են համապատասխան տեղեկատվություն :

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի Մաքսային միությունը ձևավորվել է 2009թվականի դեկտեմբերի 19-ին: Այս միությունը ենթադրում է միասնական մաքսային տարածքի ստեղծում, որի շրջանակներում չեն գանձվում մաքսատուրքեր և չեն իրականացվում տնտեսական բնույթի սահմանափակումներ` բացառությամբ հատուկ պաշտպանական, հակադեմպինգային կամ փոխհատուցման միջոցների: Այստեղ գործում են ընդհանուր մաքսային տարիֆներ և երրորդ երկրների հետ ապրանքային առևտուրը կարգավորող միասնական այլ միջոցներ:

«ՓԱՍՏԻՆՖՈ»: