ԳԱՎԱԹԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Միկա» ֆուտբոլային ակումբում Հայաստանի գավաթը հանձնվեց 2004թ. գավաթի խաղարկության եզրափակիչ մասնակից թիմերի ավագներին` Արթուր Մկրտչյանին («Փյունիկ») եւ Հովհաննես Դեմիրճյանին («Բանանց»): Այնուհետեւ թիմերի ավագները «Հանրապետական» մարզադաշտում գավաթը հանձնեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին տեղի կունենա գավաթի խաղարկության եզրափակիչը «Փյունիկի» եւ «Բանանցի» մասնակցությամբ:
Այս ամենից հետո ՀՖՖ նախագահը մամուլի ասուլիս տվեց հավաքված լրագրողներին: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում բավականին լուրջ մրցակցություն է ծավալվել եւ նախկինի պես խոշոր հաշիվներ չեն արձանագրվում, ինչն ուրախալի փաստ է:
Սակայն ՀՖՖ նախագահը դժգոհ էր մրցավարությունից, քանի որ այս ոլորտում առաջընթաց չի արձանագրվել: Հայտնի դարձավ նաեւ, որ Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը շատ հավանական է, որ կայանա: Ռուսները նախկինում ցանկություն էին հայտնել մրցել Հայաստանի հետ, սակայն ՀՖՖ-ին որեւէ լուրջ առաջարկություն չէին արել:
Ռուբեն Հայարապետյանն ասաց, որ ՀՖՖ այս կապակցությամբ մտադիր է շուտով բանակցություններ սկսել Ռուսաստանի Ֆուտբոլային Միության հետ, երբ Մոսկվա վերադառնա ՌՖՄ-ի նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը:
Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնելու մասին իր գոհունանկությունն է հայտնել նաեւ Հայաստանի հավաքականի մարզիչ Միխայ Ստոյկիցան, նշելով որ նման ուժեղ հավաքականի հետ հանդիպումը օգտակար կլինի մեզ համար: