ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջնության 4-րդ տուրում կայացած 4 հանդիպումներում խաղաղ ելք չառձանագրվեց:
«Փյունիկ» - «Կոտայք»`3:1
Չեմպիոն «Փյունիկը» շարունակում է իր հաղթարշավը: Այս անգամ Միխայ Ստոյկիցայի սաները առավելության հասան ետնապահ «Կոտայքի» նկատմամբ: Խաղի արդեն 12-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Գալուստ Պետրոսյանը առաջ մղեց «Փյունիկին»:
Հաշիվը 70-րդ րոպեին կրկնապատկեց Լեւոն Պաչաջյանը: «Կոտայքի» ֆուտբոլիստներին 84-րդ րոպեին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը շնորհիվ Արմեն Բաբայանի, որը այս խաղում լավ տպավորություն թողեց: 88-րդ րոպեին 17-ամյա Էդգար Մանուչարյանը 3-րդ անգամ գրավեց «Կոտայքի» դարպասը եւ հանդիպումը այդպես էլ ավարտվեց:
«Միկա» - «Բանանց»` 2:1
Փոխչեմպիոն «Բանանցը» շարունակում է անվստահ հանդես գալ ընթացիկ մրցաշրջանում: Այս հանդիպման 38-րդ րոպեին «Միկայի» առաջատար ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը 11 մետրանոց տուգանային հարվածով բացեց հաշիվը: 58-րդ րոպեին Ալբերտ Իսկոյանցը հավասարեցրեց խաղի հաշիվը: Սակայն «Միկային» հաջողվեց հաղթանակ կորզել. 64-րդ րոպին հաղթական գոլի հեղինակ դարձավ նույն Արմեն Շահգելդյանը:
«Դինամո - Զենիթ» - «Շիրակ»` 0:1
Գյումրիի «Շիրակը» իր առաջնին հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում, իսկ «Դինամո-Զենիթը» կրեց իր առաջին պարտությունը: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Երվանդ Հակոբյանը, որը 90-րդ րոպին հաղթանակ պարգեւեց իր թիմին:
«Կիլիկիա» - «Արարատ»` 0:2
Իր առաջին հաղթանակը տոնեց նաեւ «Արարատը»,որը «Հրազդան» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը:
4-րդ տուրից հետո «Փյունիկը» առանց միավորների կուրուստի գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող «Միկան» վաստակել է 9 միավոր: Իսկ աղյուսակը 1 միավորով շարունակում է եզրափակել «Կոտայքը»: