Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԶՈՒՄ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐ, ԲԱՅՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԳՈԼ

Սպորտ

Հայաստանի Ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Թուրքմենստանի հավաքականի հետ, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում գերազանցում է մեզ շուրջ 28 հորիզոնականով: Սակայն հանդիպումը ցույց տվեց, որ թուրքմենները անհամեմատ ավելի թույլ են, քան մենք պատկերցանում էինք:

Հենց խաղասկզբից Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մրցակցին սեղմեցին տուգանային հրապարակում եւ թվում էր` շուտով հաշիվը կբացվի:

Հանդիպման առաջին 15 րոպեների ընթացքում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնիսկ գնդակին չդիպչեց: Հայ ֆուտբոլիստները ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր չէին կարողանում արդյունավետ ավարտի հասցնել գրոհները:

Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Հանդիպման միակ գոլը ծնվեց 69-րդ րոպեին, երբ Թուրքմենստանի հավաքականի տուգանային հրապարակում ստեղծված հերթական խառնշփոթ իրավիճակում Արա Հակոբյանը հանգիստ գրավեց անպաշտպան դարպասը:

Գոլից հետո հայ ֆուտբոլիստները կարող էին զարգացնել հաջողությունը, սակայն հանդիպումը այդպես էլ ավարտվեց: Նման մրցակցի հետ խաղից հետո դժվար է ասել, թե ինչի է ընդունակ Հայաստանի հավաքականը, որի կազմը այս խաղում բավականին թարմացվել էր:

Խաղադաշտ էին դուրս եկել երիտասարդ ֆուտբոլիստներ Գալուստ Պետրոսյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Արա Հակոբյանը եւ փորձառու Ռաֆայել Նազարյանը: Փոխարինման մտան Բարսեղ Կիրակոսյան, Լեւոն Պաչաջյանը եւ Կարեն Ալեքսանյանը: Այս ֆուտբոլիստներից շատերը իրենց առաջին քայլերն են անում Ազգային հավաքականում:

Ավելորդ չէ նշել, որ մեր թիմի առաջատար Արթուր Պետրոսյանն արդեն 9-րդ րոպեին օդային պայքարում բախվելով Թուրքմենստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Բաղդասարյանի հետ, պատռեց նրա հոնքը: Քիչ անց նա թողեց խաղադաշտը եւ բժիշկները 6 կար դրեցին պատռվածքի վրա:

P.S. Ցավոք Հայաստան-Թուրքմենստան խաղի ժամանակ «Հանարապետական» մարզադաշտ այցելեցին ընդամենը 7-8 հազար հանդիսական: Հայաստանի հավաքականի սեփական հարկի տակ անցկացրած վերջին տարիների խաղերում նման ցածր ցուցանիշ չէր արձանագրվել, սակայն չպետք է մոռանալ, որ վերջին անգամ Երեւանում ընկերական հանդիպում կայացել էր 2000թ. ապրիլին: