«Մեր մրցակիցներն այս անգամ մի քիչ ուժեղ են»
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Արկադի Անդրիասյանը կարծում է, որ 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարելու համար Հայաստանի հավաքականին հարկավոր են եւս մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ:
«Մեր թիմի մոտ նման ցանկություն կա, սակայն կան նաեւ դժվարություններ: Հայաստանի մրցակիցներն այս անգամ մի քիչ ուժեղ են: Եթե Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի նման եւս 2-3 բարձրակարգ ֆուտբոլիստներ հայտնվեն, ապա թիմը 5-6 լիդեր կունենա եւ ամուր պաշտպանության դեպքում վստահ կխաղա բոլորի դեմ» - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց անվանի մասնագետը:
Մեկնաբանելով Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղերը՝ Արկադի Անդրիասյանն ասաց, որ դեռ դժվար է ասել, թե որ թիմն է արժանի չեմպիոնի կոչմանը:
«Եվրո-2012-ում առայժմ լավ խաղ է ցուցադրում Գերմաիայի ընտրանին: Իսպանիան լավ տպավորություն թողեց Իռլանդիայի հետ խաղում: Ես մասնակցել եմ 1972 թ օլիմպիական խաղերին եւ շատ լավ գիտեմ, որ նման կարճ փուլ ունեցող մրաշարերում դժվար է պահպանել լավ մարզավիճակ: Այն թիմը, որը կխուսափի մարզավիճակի անկումից, վնասվածքներից, քարտեր քիչ կստանա եւ մշտապես կխաղա հիմնական կազմով, հենց այն էլ կհաղթի առաջնությունում» - կարծում է «Արարատ-73»-ի լեգենդներից մեկը: