Նոր «բիզնես»
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» - «Չելսի» հանդիպումը լուրջ խնդիրներ են ստեղծել կազմակերպիչների համար:
Առաջին խնդիրը կապված է տոմսերի հետ: Մյունխենում, որտեղ անցկացվելու է խաղը, օրեցօր ակտիվանում են վերավաճառողները: Մասնավորապես՝ նրանք ինտերնետով առաջարկում են սովորական, ինչպես նաեւ VIP տոմսեր: Առաջինների գինը տատանվում է 2100-3500 եվրոյի սահմաններում, իսկ ահա 2 VIP տոմսերի համար պահանջում են 29000 եվրո:
Մյունխենի ոստիկանությունը, ինչպես նաեւ տեղի «Բավարիա» ակումբի ղեկավարությունը, ֆուտբոլասերներին կոչ են անում զգույշ լինել նման առաջարկություններից, քանի որ հաճախ ինտերնետով գնած տոմսերը կեղծված են լինում:
Նշենք, որ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտը ունի 62 հազար նստելատեղ: ՈՒԵՖԱ-ն մասնակից ակումբներին տրամադրել է 17500-ական տոմս, իսկ մնացած 27 հազարը հանել է ազատ վաճառքի: Ըստ ֆուտբոլի եվրոպական միության սահմանած գների, խաղի ամենաէժան տոմսը արժե 70, իսկ ամենաթանկը՝ 370 եվրո: