ԱՆԼԳԻԱՅԻ ՄԱՐԶԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ մամուլի քարտուղարության թղթակցին Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Փիքոկը Անգլիա-Հայաստան հանդիպումից հետո ասել է.
«Մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ հաղթեցինք, քանի որ մինչ հանդիպումը դիտելով մրցակցի խաղը, գիտեինք, որ մեզ լուրջ փորձություն է սպասվում: Յուրաքանչյուր մրցաշարում յուրաքանչյուր թիմի համար շատ դժվար է տրամադրվել առաջին խաղին:
Հաղթանակը մեզ տրվեց շատ մեծ դժվարությամբ: Արդյունքում հաղթեցինք 2-0 հաշվով, բայց իրական պատկերն այլ էր: Մեր մրցակիցը լուրջ դիմադրություն ցույց տվեց: Առաջին խաղակեսում, գործնականում, հավասար պայքար մղվեց, բայց երկրորդում մենք ունեինք չնչին առավելություն, որի արդյունքում էլ կորզեցինք հաղթանակը:
Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է յուրաքանչյուր թիմի համար: Ձեր հավաքականի հայտնվելն այս խմբում եւ Անգլիա հասնելը` մեծ հաջողություն է, քանի որ ընտրական փուլում հաղթահարել Բուլղարիայի հավաքականի նման թիմի արգելքը, մեծ հերոսություն է:
Թիմում ունեք անհատապես գերազանց խաղ ցուցադրող մի քանի պատանիներ: Իմ կարծիքով, ամենատաղանդավոր խաղացողը ձեր թիմի կազմում 11 համարի խաղացողն է (Էդգար Մանուչարյանը), որն իրեն փայլուն դրսեւորեց հատկապես որակավորման առաջին փուլում: Նրա մասին մինչ ձեր այստեղ գալը շատ էին խոսում:
Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, լավ է տեսնում դաշտը, տեխնիկապես պատրաստված է եւ հատկապես լավ է գործում եզրափակիչ հարվածների ժամանակ: Ինձ վրա լավ տպավորություն թողեց նաեւ նրա հետ համագործակցող 10 (Ժորա Հովհաննիսյանը) համարի ֆուտբոլիստը:
Քանի որ ձեր ֆուտբոլը զարգացման ուղու վրա է, կարծում եմ, եթե ընտրական փուլի արգելքը չկարողանաք հաղթահարել, դա այնքան էլ տխրեցնող փաստ չպետք է լինի: Ամենակարեւորը մասնակցությունն է եւ փորձի ձեռքբերումը: Մաղթում եմ ձեր պատանիներին հաջող մասնակցություն Եվրոպական բոլոր կարգի մրցազսպարեզներում: