Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենակարևորը առաջին սխալն է»

Հարցազրույց
fdac5f28a59633b5f86e8d6217257773

Հարցազրույց  «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ:

-       Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոչ միանշանակ գնահատականի արժանացավ նույնիսկ կոնգրեսականների կողմից: ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկը անակնկալ էր շատերի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

 -       Հնարավոր է, որ ոմանց համար ելույթի այս հատվածն, իրոք, անակնկալ էր, բայց չմոռանանք, թե իր առջեւ ինչ խնդիր է դրել Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Կոնգրեսը: Ունենալով քաղաքական պայքարի մեծ փորձ՝ ՀՀ առաջին նախագահը չի կարող չգիտակցել, որ առանց լայն համախմբման  հնարավոր չէ հաղթանակի հասնել: Մյուս կողմից՝  փոխվել է նաև հաղթանակի ձևակերպումը:   ԲՀԿ-ն այսօր  բավական բարձր վարկանիշ ունի, / եթե չասենք' ամենաբարձրը/  և  Տեր-Պետրոսյանը հրաշալի պատկերացում ունի Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցության ներուժի եւ երկրում ունեցած ազդեցության մասին:

-       Իսկ ինչո՞ւ նույնիսկ կոնգրեսականների որոշ հատվածը ոգեւորված չէ այս առաջարկից:

 -       Անցած տարիների ընթացքում իրականացվել է այնպիսի քարոզչություն, որ շատ կոնգրեսականների մոտ համոզմունք է առաջացել, որ Կոնգրեսը կարող է եւ պարտավոր է  երկիրը վերափոխել  միայնակ: Հիմա այսպես մտածողներն անակնկալի են եկել: Նրանց կողքին կան նաեւ մարդիկ, ովքեր ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ ամեն ինչ անելու են, որ լայն կոնսոլիդացիան ձախողվի եւ այդ նպատակով արդեն իսկ սկսել են շրջանառության մեջ դնել այն կարծիքը, որ ՀԱԿ-ը չի կարող համագործակցել ԲՀԿ-ի հետ: Սա տեղավորվում է ներքին խմորումների տրամաբանության մեջ: Ավելին' սա շատ կարևոր պրոցես է ՀԱԿ-ում հստակություններ  մտցնելու հարցում:

 -       Ո՞վ կշահի ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցությունից:

 -       Նախ, պետք է հստակեցնել, թե ինչ ենք հասկանում՝ համագործակցություն ասելով: Առաջին հերթին՝ պետք է հասկանալ ազատ ընտրությունների անցկացման անհարժեշտությունը, վերահսկողությունը և նախընտրական փուլում միմյանց հանդեպ հարձակումների բացառումը: Այսպիսի համագործակցությունից միանշանակ կարող եմ ասել, որ կշահեն բոլորը, այլ կերպ ասած, ժողովուրդը, որն արդեն տանել չի կարողանում ստեղծված իրավիճակը: Այստեղ տեղին չեն այն խոսակցությունները, թե ով կամ որ ուժը կշահի ավելի շատ կամ ով ում է միանալու:  Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ ձեւակերպեց իր առաջարկը եւ տարընթերցումների տեղ չի թողել: Միաժամանակ նա եւ Կոնգրեսի ղեկավարներն էլ քաջատեղյակ են, թե որքան է ԲՀԿ-ի վարկանիշը եւ հասկանում են, որ առանց ՀԱԿ-ի հետ համագործակցության էլ ԲՀԿ-ն բավական մեծ թվով ձայներ կհավաքի, բայց այսօր խնդիրն ավելի լուրջ է, քան ավելի շատ ձայն հավաքելը: ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ընտրակեղծիքները բացառելու համար: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, ովքեր պայքարելու են ընտրակեղծիքներ թույլ չտալու համար: Եւ միայն պետք է ողջունել քաղաքական կուսակցությունների այն համագործակցությունը, որի նպատակն է արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե հանկարծ ընտրակեղծարարներին հաջողվի իրականացնել իրենց նպատակը, ապա երկրում իրավիճակը կփոխվի: Կստեղծվի հեղափոխական իրավիճակ, քանի որ ժողովուրդը նահանջելու տեղ չունի եւ հաստատ դուրս կգա փողոց այն քաղաքական ուժերի գլխավորությամբ, որոնց համար ընտրակեղծիքներն անընդունելի են: Բայց պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում նման զարգացումներ չլինեն:

 -       Ի՞նչ զարգացումներ կլինեն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո:

 -       Զարգացումները սկսվել են դեռ մինչեւ նրա  ելույթը: Հիմա դրանք միայն շարունակվում են: Իր ելույթում Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ ի դեմս ԲՀԿ-ի ուրվագծվում է երրորդ ուժը: Սա է գլխավոր միտքը:  Վերջին մեկ տարում ԲՀԿ-ն լուծեց ամենակարևոր խնդիրը' կայացավ որպես ինքնուրույն ուժ: ՀԱԿ-ը այս տարիների ընթացքում փորձում էր սև ու սպիտակի գիծ քաշել' մի կողմում իշխանությունը, մյուսում' միայն ՀԱԿ-ը:

   Եթե այսօր ՀԱԿ առաջնորդն ընդունում է երրորդ ուժի գոյությունը, ուրեմն այն կա ու այն բավական ուժեղ է: Հիմա հերթը «Բարգավաճ Հայաստանինն» է: Ավելի ճիշտ' չսխալվելու հերթը: Քաղաքական դաշտում մի իրավիճակ է ստեղծվել, երբ ամենակարևորն առաջին սխալն է լինելու: Քաղաքական ուժերից ով առաջինը սխալվեց, կարող է կորցնել շատ բան: Վստահ եմ՝ ԲՀԿ-ում սա գիտակցում են:

-       Ներքաղաքական հարցեր լուծելու ընթացքում ոմանք չեն խորշում որպես խաղաթուղթ օգտագործել նաև մարտի 1-ի ողբերգությունը:

-       Լինենք, ավելի պարզ' դա անում է իշխանությունը, օգտագործելով որոշ լրատվական խողովակներ: Սա չափազանց վտանգավոր պրոցես է, որովհետև, ի վերջո, շուռ է գալու իշխանության վրա: Փոխանակ այս 4 տարիների ընթացում պարզելու ողջ ճշմարտությունը, պատասխանատվության կանչելու մեղավորներին, դրանով իսկ լիցքաթափելու առկա լարվածությունը,  իշխանությունը պարզ սպեկուլյացիա է անում այս թեմայով: Սա ոչ միայն բարոյական չէ, այլև' խիստ վտանգավոր: