ԱԼԵՔՍԵՅ ՍՊԻՐԻՆԸ ԴԱՍԱԽՈՍԵՑ ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին ՀՖՖ-ի հրավերով Հայաստան ժամանած ՈւԵՖԱ-ի ինստրուկտոր ռուսաստանցի Ալեքսեյ Սպիրինը Արարատի «Այգ» մարզաբազայում ուսումնամարզական հավաք անցկացնող հայաստանցի մրցավարների համար մարտի 1-ին դասախոսություն կարդաց:
Հայաստանի առաջնության առաջին եւ բարձրագույն խմբերը սպասարկող 30-ից ավել մրցավարներ մեծ հետքրքրությամբ լսեցին նախկին ԽՍՀՄ-ի մրցավարական կոմիտեի եւ ներկայիս Ռուսաստանի ֆուտբոլային միության տեսչական կոմիտեի նախագահի դասախոսությունը:
Ջերմ մթնոլորտում անցած դասխոսության ժամանակ, 52-ամյա փորձառու մասնագետը տեսանյութերի օգնությամբ մեր մրցավարների հետ քննարկեց կոպիտ խաղին եւ խաղից դուրս վիճակին վերբերող մի շարք վիճահարույց հարցեր:
Ալեքսեյ Սպիրինը մասնավորապես կարեւորեց մրցավարների բարոյա - հոգեբանական պատրաստվածության գործոնը վճռի կայացման պահին:
Լրջորեն քննարկվեց նաեւ խաղը վարող գլխավոր մրցավարի եւ նրա օգնականների ճիշտ փոխհարաբերության գործոնը խաղի ժամանակ: Մի հանգամանք, որը բախտորոշ է լինում մրցող թիմերի համար:
Վերջում` Սպիրինն իր հիացմունքը հայտնեց մեր մրցավարությունից, փաստելով, որ հաճելիորեն զարմացած է հայ մրցավարների ցուցաբերած գիտելիքներից:
Ալեքսեյ Սպիրինը ավելորդ չհամարեց իր գոհունակության խոսքը հայտնել Արարատ քաղաքի «Այգ» մարզաբազային, որտեղ իր կարծիքով ստեղծված է ամեն պայման մրցավարների ուսումնամարզական հավաքը հնարավորինս արդյունավետ անցկացնելու համար:
Կատարած լայնածավալ աշխատանքի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Ալեքսեյ Սպիրինին հանձնվեց հուշանվեր: