«Հետևողականորեն մեղավորների հետևից կգնամ»․ Վերաքննիչն անփոփոխ է թողել Արմեն Սողոմոնյանի արդարացման դատավճիռը
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել փաստաբան Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Հինգ տարի առաջ նրան մեղադրանք էր առաջադրվել քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին թմրանյութ տանելու համար։
Ավելի վաղ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը Սողոմոնյանին անմեղ էր ճանաչել՝ ապացույցների անբավարարության հիմքով։
«Ճիշտն ասած, միանշանակ վստահ էի, որ արդարադատություն կիրականացվի, օբյեկտիվ ու ճիշտ որոշում կկայացվի։ Վստահ էի, քանի որ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ կայացրել էր այդ օբյեկտիվ և արդարացի դատավճիռը»,– «Ա1+»-ին ասաց Արմեն Սողոմոնյանը։
Փաստաբանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքն ազդել է իր հեղինակության, մասնագիտական գործունեության և շրջապատի հետ հարաբերությունների վրա։ Նրա գնահատմամբ՝ հաճախորդների 50–60 տոկոսն այլևս իրեն չի դիմել իրավաբանական խորհրդատվության համար։
««Դատալեքս» համակարգով այդ ամենը երևում է։ Թեկուզ բացահայտ չասելով, բայց այս ընթացքում չեն դիմել, տարբեր այլ գործընկերների մոտ են գնացել։ Շփումը բավականին դադարել է։ Վստահ եմ, որ արդարությունից հետո, իրականությունից հետո ամեն ինչ էլի կվերականգնվի։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Հետևանքն ակնհայտ է և կա»,– նշեց փաստաբանը։
Դատախազությունը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ Սողոմոնյանին մեղավոր ճանաչելով ու համաչափ պատիժ նշանակելով։ Որպես այլընտրանք՝ դատախազությունը պահանջում էր բեկանել դատավճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Սողոմոնյանը չի բացառում, որ դատախազությունը նաև վճռաբեկ բողոք կներկայացնի, սակայն համոզված է՝ արդարացման դատավճիռը չի փոխվի։
Փաստաբանը նաև հայտարարեց, որ օրենքով նախատեսված միջոցներով հետամուտ է լինելու գործով դատախազին և քննիչին պատասխանատվության ենթարկելուն։
«Ես իմ բողոքներով ու օրենքով նախատեսված համապատասխան գործողություններով հետևողականորեն մեղավորների հետևից կգնամ»,– եզրափակեց Արմեն Սողոմոնյանը։