Բացել լրահոսը Փակել լրահոսը
bNhrwZK0OX9C7BvZ
A A
Հասարակություն

Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը

Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումները։ «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ հայկական կողմից դեռ չեն ստացել հաստատում, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են, գրում է «Ազատությունը»։ 

«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին»,- հայտարարել են ռուսական վերահսկող մարմնից։

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ կառուցողական երկխոսություն է վարում։

Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները հատկապես ակտիվացան այս տարվա գարնանից։ Ապրիլից ռուսական վերահսկող մարմինները փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ՝ դրանք հիմնականում պատճառաբանելով տեխնիկական պահանջների խախտումներով և անվտանգության խնդիրներով։