«Պատրաստվեք լավ փոփոխությունների». Գագիկ Ծառուկյան
Աջակցիր «Ա1+»-ինԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրում է․
«Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։ Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը` որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։
Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում` պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։
Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք որպես հասարակություն դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող - ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։
Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում` չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին, հատկապես եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։
Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը` մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը` մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։
Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին»։