Մի իշխանություն, որի օրոք եղել են ամենաշատ պատերազմները՝ շանտաժի է ենթարկում հանրությանը, թե եթե իրենք չընտրվեն՝ կլինի պատերազմ. «Առավոտ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած ուսումնասիրություն շրջանակում հարցված 1,506 քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ կառավարության ամենամեծ ձախողումներն արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն են, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ խաղաղության և անվտանգության ապահովումը։
Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ անվտանգության, խաղաղության և տնտեսական զարգացման վերաբերյալ ընդդիմության առաջարկները հանրության համար առայժմ համոզիչ չեն, այս կարևորագույն հարցերում ընդդիմությունը գոնե այս պահին որպես ծանրակշիռ այլընտրանք չի դիտարկվում: Ասենք՝ ազգային անվտանգության եւ սահմանային խնդիրների հարցում երկու կողմի նկատմամբ էլ բացասական վերաբերմունքը գերակշռում է, սակայն ընդդիմության դեպքում անորոշությունն ավելի մեծ է (կառավարություն. 41% դրական, 57% բացասական։
Ընդդիմություն. 29% դրական, 50% բացասական): «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս տվյալներին՝ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը հիշեցրեց Արման Թաթոյանի բացահայտումները, որոնք վերաբերում են Վարդենիսի շրջանում և Ջերմուկի լեռներում ադրբեջանական զինուժի նոր դիրքավորմանն ու առաջխաղացմանը.
«Հիմա, եթե վերցնենք այս իրականությունն ու հաշվի առնենք խաղաղության օրակարգը, դրանք բացարձակ առումով իրար չեն համապատասխանում։ Այո, այս առումով իշխանությանը դեռեւս հաջողվել է հասարակությանը պահել թմբիրի մեջ և նույնիսկ ասել, որ եթե իրենք չվերարտադրվեն, խաղաղություն ու անկախություն չի լինի»:
Հաղորդման մյուս հյուրը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այս համատեքստում նկատեց, թե այս իշխանությունն անգամ 2021 թվականի իր նախընտրական ծրագիրը չի իրականացրել անվտանգային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ. «Մի իշխանություն, որի օրոք Հայաստանը տեսել է իր ամենաշատ պատերազմները, Արցախի փաստացի հայաթափումը… Հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացի կամովի գերի է Իլհամ Ալիեւին, որովհետև մեկ կրակոց Հայաստանի սահմանների ուղղությամբ և չակերտավոր «խաղաղության» թեզը ջրվում է։ Ինչ ունի Նիկոլ Փաշինյանը անելու՝ բավարարել Իլհամ Ալիևի բոլոր հին, ներկայիս և նաև հետագա պահանջները։ Չմոռանանք, այդ պահանջները կարող են ընդլայնվել»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։