Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․
Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։
Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները, երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը տեղադրում են սոցիալական ցանցի անձնական էջերում։
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ երեխաների մասնակցությամբ նման տեսանյութերը կարող են խաթարել նրանց հուզական վիճակը, վնասել իրավունքներն ու լավագույն շահը։
Հարգելի՛ ծնողներ, հորդորում ենք զերծ մնալ նման գործողություններից՝ գիտակցելով դրանց հնարավոր հետևանքները։
ՆԳՆ Ոստիկանությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել անցանկալի հետևանքներ ենթադրող, զգայունություն ունեցող երևույթները։