Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղազարյան
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ի որոշման չկատարման պայմաններում Բաքուն դատապարտել է Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման

Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՄԻԵԴ-ի պարտադիր որոշման չկատարման պայմաններում Ադրբեջանը դատապարտել է Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման։

Նա նշել է, որ Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ։

«Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ, իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ տեղեկատվության»,-գրել է նա։

ՄԻԵԴ-ի կողմից սահմանված հրատապ միջոցի շրջանակում Ադրբեջանի իշխանություններն ունեն պարտականություն՝ ապահովելու Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան բարեկեցությունը, տրամադրելու դատարանին ու նրա իրավաբանական ներկայացուցիչներին ամբողջական տեղեկատվություն նրա գտնվելու վայրի և առողջության մասին, ինչպես նաև կազմակերպելու նրա ազատ հաղորդակցումը ընտանիքի անդամների և փաստաբանների հետ։ Սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս մնում են չիրականացված, ինչը խիստ խոչընդոտել է ՄԻԵԴ-ում ընթացող գործերի արդյունավետ ընթացքը և կասկածներ է հարուցել նրա կյանքի և անվտանգության հետ կապված վտանգների առկայության վերաբերյալ։

Քանի որ նրա կյանքին և հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգը եղել է ակնհայտ, 2025 թվականի սեպտեմբերի 17-ին փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, Արցախ Միության, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի և այլ իրավասու անձանց անունից, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել հրատապ կանխարգելիչ միջոց՝ ըստ դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի։ Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, ՄԻԵԴ-ը պաշտոնապես հայտնել է դիմումի մասին Ադրբեջանին՝ վերջինիս պարտավորեցնելով անհապաղ տրամադրել պահանջված տեղեկատվությունը։

Հոկտեմբերի 20-ին ՄԻԵԴ-ը լիովին բավարարել է դիմումը՝ հրահանգելով Ադրբեջանին ձեռնարկել կոնկրետ միջոցներ Կարեն Ավանեսյանի ֆիզիկական ու հոգեկան անվտանգության ապահովման ուղղությամբ, պարբերաբար զեկուցել այդ միջոցառումների մասին և ստեղծել հնարավորություն նրա հարազատների ու ներկայացուցիչների հետ անարգել կապի համար։

Սակայն այդ որոշումից հետո Ադրբեջանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ նշված պահանջները կատարելու ուղղությամբ։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում Ավանեսյանը որևէ կերպ կապ չի հաստատել ոչ իր իրավաբանական ներկայացուցիչների, ոչ էլ ընտանիքի անդամների հետ։ Նրա առողջական վիճակին և պահման պայմաններին վերաբերող տեղեկություններն էլ չեն հաստատվել արժանահավատ աղբյուրներով։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է ամբողջական գանգատ, որը վերաբերում է Կարեն Ավանեսյանի դեմ հարուցված գործին, և որի քննությունն այս պահին ընթանում է։

Չնայած վերոնշյալ հանգամանքներին, ինչպես նաև միջազգային դատարանի պարտադիր որոշման շարունակական անտեսմանը՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Դատավճռի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի փոխանցվել ո՛չ նրա իրավաբանական ներկայացուցիչներին, ո՛չ էլ ՄԻԵԴ-ին, ինչպես նաև անհասանելի են տվյալներ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի բովանդակության, մեղադրանքների և դատավարության ընթացքի մասին։

Նշված դատավարության մասին հասանելի տեղեկատվությունը գալիս է բացառապես ադրբեջանական մամուլում հայտնված սակավաթիվ աղբյուրներից։ Չկան ստուգելի տվյալներ, որոնք կհաստատեն գործի իրավական հիմքերը, փաստական հանգամանքները, ինչպես նաև Կարեն Ավանեսյանի դատավարական իրավունքների ապահովման կամ արդար դատաքննության կազմակերպման մասին որևէ երաշխիք։

Նման պայմաններում, ինչպես ընդգծել է Ղազարյանը, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը շարունակում է մնալ չկատարված Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Կարեն Ավանեսյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջացել է 2025 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով այդ երկրի ներքին գործերի նախարարությանը, տեղեկացրել են, թե նա ձերբակալվել է Ստեփանակերտում։ Ըստ այդ աղբյուրների՝ Ավանեսյանը ձերբակալվել է այն պահին, երբ իբր փորձել է զինված ներգործություն ունենալ Ստեփանակերտում ընթացող միջոցառման վրա, և ձերբակալության ընթացքում դիմադրել է զինված կերպով, ինչի հետևանքով վիրավորվել է կրակոցից։ Ներկայացվել են նաև տեսանյութեր, որտեղ երևում է գետնին ընկած, արյունահոսող ու վիրավոր Ավանեսյանը։