Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ավինյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացնում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2023թ. սկսած լայնածավալ վերանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվել: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է շուրջ 3900 քմ տարածք: Ծրագիրը հնարավորություն է տվել էապես բարելավել մատուցվող ծառայությունների որակը և ապահովել անվտանգ ու հարմարավետ միջավայր՝ քաղաքացիների ու անձնակազմի համար:

*** Շենգավիթ վարչական շրջանի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք 12 տարածքում կկառուցվի թափառող /անտուն շների կացարան: Երևանում հայտարարվել է թափառող շների համար նախատեսված առաջին պետական կացարանի շինարարության մրցույթը: Կացարանի նախագիծը կազմվել է հաշվի առնելով միջազգային հաջողված փորձը:

*** Ավան վարչական շրջանում կկառուցվի 6 խմբանի նոր մանկապարտեզ: Շինաշխատանքները նախատեսված են իրականացնել 2026թ. Երևան համայնքի բյուջեով: Եռահարկ շենքն ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով: Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր: Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր: Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ: *** Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար: Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։ Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։

*** Երևանում ավարտվել են միջին նորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել՝ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան, Հրաչյա Քոչար, Գյուլբենկյան փողոցներում, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում և Գայի պողոտա-Մյասնիկյան պողոտա տրանսպորտային հանգույցի էջքերում, Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում, Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի տրանսպորտային հանգույցի էջքերում, Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի և Եղվարդի խճուղու տրանսպորտային հանգույցի էջքերում:

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են նաև դիտահորերի և հեղեղատարների փոխարինման և նիշերի ուղղման աշխատանքներ:

*** Կառուցապատվող շինարարական օբյեկտներում պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են շրջայցեր իրականացնել, որի շրջանակում կառուցապատողները նախազգուշացվում են շինարարական հրապարակները պատշաճ կազմակերպելու և կահավորելու համար: Կան կառուցապատողներ, որոնք արդեն իսկ կազմակերպել են նշված պահանջների կատարումը, մասնավորապես՝ «Անիպրեմիում Դիվելոփմենթ», «Ռենշին», «Գյուրջյան այգիներ», «Օրդ Դիվելոփմենթ», «Մլ Մայնինգ», «Կամ Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունները և «Լույսեր» ՓԲ ընկերությունը։ *** Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի հիմնական փլուզված հատվածը կառուցապատող «Սահակյան Շին» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է, և ներկայումս ապահովված է նշված ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Նշված

ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների ավարտին զուգընթաց։