Հայ երիտասարդ դիզայները կմասնակցի «Լոնդոնի նորաձևության շաբաթ»-ին. մեկնարկեց Yerevan Fashion Week 2026-ի երկրորդ օրը (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինFashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ ցուցադրությանը ութ հայ դիզայներ ներկայացրին իրենց հավաքածուները։
Ցուցադրության ավարտին ութ մասնակիցներից երեքն արժանացան մրցանակների։ Մրցույթի մրցանակները նախատեսում են հայկական նորաձևության միջազգային առաջխաղացում՝ «Լոնդոնի նորաձևության շաբաթ»-ում հավաքածուն ներկայացնելով, Երևանի քաղաքապետի կողմից մրցանակ՝ մեկ միլիոն դրամի տեսքով և իտալական Polimoda ինստիտուտում ամառային դասընթացի 100% կրթաթոշակ։
Եվա Մեսրոպյանը միակ դիզայներն էր, որ ներկայացրեց տղամարդկանց հագուստների հավաքածու։ Նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը, և իր հավաքածուն շուտով տեղ կգտնի «Լոնդոնի նորաձևության շաբաթ»-ում։
Fashion Scout Armenia-ն անցկացվում է չորրորդ անգամ՝ Հայաստանի նորաձևության պալատի և միջազգային Fashion Scout հարթակի համագործակցությամբ։ Մրցույթի նպատակն է բացահայտել նոր տաղանդներ և հայ դիզայներների համար ճանապարհ հարթել դեպի միջազգային նորաձևության հարթակներ։
Երևանի նորաձևության շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը։ Քառօրյա միջոցառման ծրագրում ներառված են հայ և միջազգային դիզայներների ցուցադրություններ, հայկական բրենդների ցուցասրահ Տերյան 91 հասցեում, մասնագիտական քննարկումներ և նոր համագործակցությունների հնարավորություններ։
Այս տարվա՝ «Վարդագույն քաղաք Երևան» գաղափարի շուրջ կառուցված ծրագիրը նորաձևությունը կապում է մայրաքաղաքի պատմության ու մշակութային ժառանգության հետ։