Միջոցներ են ձեռնարկվել դեպքի հանգամանքները պարզաբանելու համար․ ԿԸՀ
Աջակցիր «Ա1+»-ինՀրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։ Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն դրանց մասին կտեղեկացնի հանրությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 8-ին Հրազդանի թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի քարտուղարի և «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի միջև։
Ըստ առաքելության՝ հանձնաժողովի քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին, պահանջել հանձնել անձնական հեռախոսը և փորձել խոչընդոտել նրա հեռանալուն։