Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիգ
A A
Պաշտոնական

Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 62 հատ ձկնորսական ցանց՝ շուրջ 20 կգ սիգ տեսակի ձկով (տեսանյութ)

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի շրջան է։
 
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները վաղ առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացրել Սևանա լճի ամբողջ տարածքում:
Իրականացվող միջոցառմանը ներկա են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սևանի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները:
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը տեղում հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
 
Չնայած որսի կանոնները պահպանելու՝ ազգաբնակչությանն ուղղված բազմաթիվ հորդորներին, կոչերին այդուհանդերձ Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 62 հատ ձկնորսական ցանց և այդ ցանցերից էլ՝ շուրջ 20 կգ սիգ տեսակի ձուկ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հայտնաբերված ձկնորսական ցանցերը կտեղափոխվեն պահպանվող տարածք:
📍Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:
Սևանի ձկնային պաշարների պահպանությունը մեր հիմնարար նպատակներից և ռազմավարական առաջնահերթություններից է և որսի խստիվ արգելքի որոշումն ուղղված է սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։