Որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը հայտնաբերվել է Դդմաշեն գյուղի ձորում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է: Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Վարորդը 15 տարեկան տղա է, ում երեկվանից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հարազատների հետ որոնում էին, իսկ այսօր արդեն հայտնաբերվել է ավտոմեքենան և երեխայի մարմինը»:
Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: