Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ինչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ ՆԳՆ-ն իրազեկող տեսահոլովակ է հրապարակել (տեսանյութ)

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը իրազեկող հոլովակ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, երբ գտնվում եք հանրային տրանսպորտում։ 

ՆԳՆ-ն նշում է, որ երկրաշարժի ժամանակ կարող է թվալ, թե վնասվել է տրանսպորտային միջոցի անիվը կամ մեքենան չի կառավարվում։ 

«Երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտի վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, սակայն կտրուկ չարգելակի, որ ուղևորները չտուժեն, 

հանրային տրանսպորտի դռները բացվելուն պես ուղևորները պետք է առանց խուճապի տարհանվեն հնարավորինս բաց, անվտանգ տարածք, 

եթե կան տուժածներ՝ հնարավության դեպքում կազմակերպեք առաջին օգնություն։

Հիշե՛ք, տրանսպորտային միջոցում մշտապես պետք է լինի առաջին բուժօգնության պայուսակ, կրակմարիչ, լապտեր և ջուր։

Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը՝ ձեր հետագա գործողությունները կատարելու համար։

Հարգելի՛ վարորդներ,

Ագելվում է տրանսպորտային միջոցը կայանել կամուրջների տակ կամ վրա, բազմահարկ շենքերին մոտ, էլեկտրասյուների և էլեկտրական գծերի կամ գովազդային վահանակների տակ, ծառերի, հենապատերի, բենզագազալցակայանների մոտ, 

տրանսպորտային միջոցը պետք է կայանել հնարավորինս բաց տարածքներում, այլ մեքենաներից անվտանգ հեռավորության վրա․ նման դեպքերում ուղևորները կարող են մնալ իրենց տեղերում, 

եթե մեքենան հայտնվել է վտանգավոր տեղանքում՝ պետք է կազմակերպել ուղևորների դուրսբերումը՝ հնարավորինս անվտանգ տարածք, 

իրավիճակի վերաբերյալ պետք է տեղեկացնել համապատասխան ծառայություններին, 

Ցնցումների դադարից հետո չպետք է շարժվել, քանի չի ստացվել ճանապարհի անվտանգ լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։