Քաղհասարակության ներկայացուցիչներն ամփոփում են Բաքու այցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 21-22-ը Ադրբեջան այցելած հայ փորձագետները մանրամասներ են ներկայացրել Բաքվում իրենց հանդիպումների և քննարկումների վերաբերյալ։
Արեգ Քոչինյանն էլ իր խոսքում նշեց, որ այցը կայացավ փոխադարձության սկզբունքով, քանի որ վերջերս Հայաստան էին ժամանել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները։
«Մեր նպատակն է, որպեսզի նմանօրինակ այցերը լինեն շարունակական, և այդ հարցում արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Բաքու ժամանեցինք ուղիղ չվերթով։ Մեզ համար մեծ պատասխանատվություն է, որ նման նախաձեռնություններ իրականացնելիս՝ օգտագործվում են զգալի ռեսուրսներ։ Աշխատելու ենք նաև այլ ռեսուրսներ ներգրավել, այսինքն՝ ոչ միայն պետբյուջեից, այլ նաև միջազգային գործընկերներից։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրավված էին փոխադարձ այցերի անվտանգության ապահովման գործում»,- ասաց Քոչինյանը։
Նա ներկայացրեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղերձները՝ ուղղված հայ հասարակությանը, որոնց համաձայն՝ Ադբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, հայ-ադրբեջանական հակամարտությունը նույնպես ավարտված է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի, ադրբեջանական կողմը ցանկանում է ներկա վիճակից կառուցել համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։
«Երեսունհինգ տարվա նման մակարդակի և խորության թշնամանքից, ատելությունից հետո բնական են երկուստեք բարկությունը, անվստահությունն ու նեղսրտությունը, հետևաբար մեծ աշխատանք է սպասվում այդ զգացումները հաղթահարելու համար։ Հղում անելով վաշինգտոնյան փաստաթղթերին՝ մենք այժմ ունենք կարմիր գծեր քաշելու հնարավորություն։ Եթե անդրադառնանք անցյալում հնչած հայտարարություններին ու կատարված քայլերին, ապա դա միանշանակ փակուղի տանող ճանապարհ է։ Այս հարցում ադրբեջանցի գործընկերների հետ ունենք փոխըմբռնում։ Մեզ մեծ աշխատանք է սպասվում նաև համակեցության միջավայր ձևավորելու ճանապարհին»,-ասաց Քոչինյանը։
Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ տվյալ նախաձեռնությունը ոչ միայն քաղհասարակությունից է բխում, այլև համադրվում է պաշտոնական գործընթացի հետ։
«Մենք ի սկզբանե ունեցել ենք գործունեության երկու ուղղություն։ Առաջինը հակամարտության հաղթահարման գործընթացում կոմունիկատոր լինելու հանգամանքն է։ Բաքվում համոզվեցինք, որ ինչ խոսում ենք, անպայման տեղ է հասնում՝ անկախ արձագանքների բնույթից։ Մյուս ուղղությունը կարգավորման գործընթացում հայ և ադրբեջանական փորձագիտական ռեսուրսի ներգրավումն է։ Լինելու են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երկուստեք ներկայացվելու են առաջարկներ և պատկերացումներ։ Մեզ համար անհրաժեշտ է նաև, որպեսզի երկուստեք լրատվամիջոցները նույնպես նպաստեն կարգավորման գործընթացին՝ ինտենսիվորեն ներկայացնելով բոլոր խնդիրներն առանց իրականությունը խեղաթյուրելու»,- ասաց Նավասարդյանը։
Նա հավաստիացրեց, որ հանդիպումների «5+5» ձևաչափն ընդարձակվելու է՝ ընդգրկելով բոլոր կառուցողական գաղափարներ ունեցող այլ անձանց ու կազմակերպություններին։