Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հրանտ Թոխատյանը տևական դադարից հետո վերադարձավ բեմ՝ «Առաքել»-ով (լուսանկարներ)

Դերասան Հրանտ Թոխատյանը տևական դադարից հետո վերադարձել է բեմ՝  «Առաքել» ներկայացմամբ։

«Այս հանդիպումներին շատերն էին սպասել։ Տպավորություն է, որ հարազատ մարդկանց սպասված հանդիպում էր»,- նշեց «Առաքելի» պրոդյուսեր Արամ Թոխատյանը՝ հավելելով, որ ներկայացման յուրաքանչյուր ցուցադրություն անցնում է բացառիկ մթնոլորտում.

«Հանդիսատեսը դերասանների հետ ծիծաղում է, տխրում, մտորում։ Ներկայացումներից մեկի ավարտին մի կին ասաց․ «Մենք մեր կյանքն ենք տեսնում բեմից: Իսկապես, այս պատմությունը մեր կյանքի, հույսի ու հավատի մասին է։ Առանց դրա առաջ գնալ չենք կարող»։

Արամ Թոխատյանի խոսքով՝ «Առաքել»-ը կշարունակի իր բեմական կյանքը: Նոյեմբերի 17-ին այն կրկին բեմում կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ առաջիկայում նաև հյուրախաղեր կլինեն։

«Ներկայացումը բեմ է վերադարձել նոր շնչով։ Թեև որոշ դադար կար, սակայն այսօր այդ հանգամանքն այլևս չի զգացվում: Թիմն այնքան լիարժեք և անմնացորդ է ներգրավված աշխատանքում, որ թվում է՝ դադար ընդհանրապես չի էլ եղել։ Հայրս շատ էր կարոտել բեմը, ստեղծագործելու ընթացքը։ Իսկ հիմա վերադարձել է այնպես, կարծես երբեք չէր էլ հեռացել բեմից: Իսկ հանդիսատեսի արձագանքը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ տեղում ենք»,– ասաց նա։

«Թիմի բոլոր անդամներն իրենց գործի նվիրյալներն են։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ «Առաքել»-ը ստեղծվել է ինն ամսում՝ ճիշտ նույնքան ժամանակահատվածում, որքան «Խաթաբալադան» և «Mea Culpa»-ն։ Իհարկե, այդ ժամկետը չէր կարող նախապես պլանավորված լինել որևէ մեկիս կողմից և ստացվել է ինքնին, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, յուրաքանչյուր ներկայացման ստեղծագործական ու տեխնիկական փուլերն իրականում հենց այդքան ժամանակ են պահանջում։ Դա երեխայի ծնվելու պես մի բան է՝ երկար, բարդ, բայց չափաազանց սպասված»,- նշեց Արամ Թոխատյանը։

Պիեսը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո՝ որպես խորքային մտորում հայրենիքի, արժանապատվության և ապրելու կամքի մասին։ Ներկայացումը պատմում է մարդու մասին, ով կանգնած է կյանքի ու մահվան սահմանագծին, պատրաստ է հանձնվել, սակայն հանդիպում է այն ուժին, որը վերադարձնում է նրան ապրելու և պայքարելու իմաստն ու հավատը։

Դերասան Սամվել Թոփալյանը մարմնավորում է Տիգրան Մխիթարյանին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր սպային, ով պատերազմից հետո կորցրել է ապրելու ցանկությունը։ Սակայն նրա կյանքում հայտնվում է Հրանտ Թոխատյանի հերոսը՝ խորհրդավոր Առաքելը, ով պարբերաբար Տիգրանին կանգնեցնում է ապրելու և հանձնվելու երկընտրանքի մտորումների առջև։ 

Ներկայացման առանցքում կյանքի շարունակության, հավատի և արժանապատվության գաղափարներն են, իսկ ապրելու բանաձևը հետևյալն է. «Ոչ թե հանձնվել, արտագաղթել կամ կախվել, այլ ապրել ու պայքարել»: