Կառավարությունը շարունակում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ապահովումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ 8.4 մլրդ դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, 22 մլն դրամ նախատեսվում է տրամադրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում ազդակիր հողամասերի գնահատման, մանրամասն չափագրման հետազոտության և գույքագրման, 8,7 մլն դրամ՝ Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հյուսիս-հարավ նախագիծը սկսում է բյուրեղանալ և ավելի շոշափելի դառնալ, շինարարությունն արագ տեմպերով ընթանում է: Վարչապետը հետաքրքրվել է, թե նախագծի իրականացման ո՞ր փուլում ենք ներկայումս գտնվում, ինչին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է. «Երևան-Գյումրիի առումով ունենք 2 հատված, որտեղ դեռ աշխատանքներ են տարվում՝ 34 կմ և 8 կմ ճանապարհահատվածներում: Երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Ինչ վերաբերում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին, ապա 32 կմ հատվածում աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի: Տարեվերջին կունենանք 70 մլն դոլարի չափով կատարված աշխատանքներ»:
Փոխվարչապետը նշել է նաև, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում Սիսիան-Քաջարան հատվածում, 2 ճանապարհահատվածի ֆինանսավորման պայմանագրերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքվել են, մինչև տարեվերջ կհայտարարվեն կառուցման աշխատանքների մրցույթները: «Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածը միանալու է այս 32 կմ ճանապարհահատվածին, այնտեղ էլ
շատ լավ աշխատանքներ են ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ: Մինչև տարեվերջ կունենանք ընտրված կառուցող, որը 2026 թ. աշխատանքներ կիրականացնի»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն երևում է, թե ինչպես են հասնելու ճանապարհի կառուցմանը: «Ես ուզում եմ նաև ընդգծել, որ այս տարի հատկապես մեր բյուջետային գործերն էլ են լավ ընթանում, և մենք արդեն բյուջեի տարեկան ծրագրի կատարման նկատմամբ ունենք դրական տրամադրվածություն»,-ասել է վարչապետը :
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ի պատասխան հայտնել է. «Հունվար-հոկտեմբերին բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի մոտ 14 տոկոս աճ ունենք: Այսինքն՝ երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում՝ նաև հոկտեմբերին: Այս պահի դրությամբ, եթե հոկտեմբերն ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի (2025թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի համար նախատեսված ցուցանիշ) 82 տոկոսը վճարվել է: Այսինքն՝ մեզ մնացել է ապահովել պետական բյուջեի մուտքերի 18 տոկոսը հարկ վճարողների հետ միասին»:
Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին. «Այսօր ինչի մասին խոսեցինք՝ դպրոց, մանկապարտեզ, գույք, ճանապարհ և այլն, ամբողջը նրանց կատարած վճարումների հաշվին է: Ընդ որում՝ ուզում եմ ասել, որ վարկային միջոցներն էլ են նույն տրամաբանության հետ, որովհետև այդ վարկերը սպասարկվում են քաղաքացիների վճարած հարկերից: Կրկին ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպեսզի գնումներ անելիս չմոռանան ՀԴՄ կտրոնի մասին, որովհետև, անկախ գործունեության տեսակից, դա նույնպես կարևոր գործողություն է՝ պետական բյուջեի եկամուտները գեներացնելու համար»:
Շարունակվում է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի պատշաճ իրականացումը
Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարման, դպրոցների ֆոնդի համալրման և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար պետբյուջեում կկատարվի վերաբաշխում՝ 1 մլրդ 854 մլն 791 հազար դրամի չափով, որից 500 մլն դրամը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից։
Ինչպես հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125,4 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակում հաստատված ցանկում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների պատշաճ իրականացման և ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով որոշմամբ հատկացվել է 1 մլրդ 761 մլն 524 հազար դրամ, որն ուղղվելու է 4 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին և 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մինչ օրս աշխատանքներ են տարվել և տարվում 357 դպրոցներում: 2026 թ. բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները աճել են՝ կազմելով 150 մլրդ դրամ, ինչը 51,2 տոկոսով ավելի է 2025 թ. համեմատ:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են 60 դպրոցներում, որոնցից 35-ը կառուցված է, 25-ը՝ նորոգված: Ըստ նախարարի տեղակալի՝ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153 կառուցվող և 105-ը կապիտալ նորոգվող են։ «Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք ևս 50 դպրոց, մինչև 2026 թ-ի սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց, իսկ մինչև 2026 թ-ի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 դպրոց։ Այսինքն, մինչև 2026 թ.-ի տարեվերջի դրությամբ ընդհանուր թիվը կկազմի 308 դպրոց՝ 139-ը կառուցված և 169-ը կապիտալ նորոգված»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ դպրոցաշինության ծրագրի համար մինչև տարեվերջ կշրջանառվեն նոր նախագծեր։
Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը: Այսպիսով՝ միջոցներ են հատկացել հետևյալ աշխատանքների համար՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի տեխնիկական հսկողության գումարի ավելացում, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական աշխատանքներ, Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի երեսպատման, տարածքի մասնակի բարեկարգման ՆՆՓ: Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները՝ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ, Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ, Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր–Ղևոնդյանի անվան մանկապարտեզ, Ալագյազ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ, Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ, Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ (վերակառուցվել է սուբվենցիայով), Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ (վերակառուցվել է սուբվենցիայով), Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով), Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով), Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով), Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ (կառուցվել է սուբվենցիայով):
Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցներում նոր գույքերի օգտագործման հարցին և դժգոհություն հայտնել այն փաստի առնչությամբ, որ նորակառույց, հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքերը հաճախ չեն օգտագործվում։ «Բոլոր նորակառույց և հիմնանորոգված դպրոցներն ապահովվում են նոր գույքով:
Մասնավորապես՝ ուզում եմ կենտրոնանալ մարզական և լաբորատոր գույքերի վրա: Մտահոգություն ունեմ, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործվում, ինչքանով է նպաստում կրթական գործընթացի զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել այցերի ժամանակ նկատած դեպքերը՝ մարզական դահլիճում թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ, քիմիայի լաբորատորիաների համար հատկացված սպիտակ խալաթները չեն օգտագործվում, նորակառույց դպրոցներին հատկացվող էլեկտրոնային դաշնամուրը գտնվել է դահլիճին կից պահեստում և այլն:
Այդ համատեքստում վարչապետը կարևորել է վերահսկողության, դասալսումների անհրաժեշտությունը. «Այսօրվանից սկսած պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անցկացնենք: Պետք է գնանք, օրինակ՝ քիմիայի դասին, տեսնենք՝ լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»:
Վարչապետն անդրադարձել է նաև ուսուցիչների վարձատրությունների 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներին. «Հայաստանում սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որը ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ, 109-ը՝ 500-600 հազար, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս արձանագրումը և ընդգծել, որ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն ստանալու գործընթացը հասանելի է ցանկացած ուսուցչի համար: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը. «Ավելի քան 800 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, սա դիմողների ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը և վստահությունն ավելացել են: Սա շատ կարևոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով վարձատրությունների այս սանդղակում կունենանք թարմացումներ: Հույս ունեմ, որ բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների թիվը կավելանա»:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է նաև շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներին: «Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300 - 400 հազար դրամ վարձատրություն, 1156 զինծառայող՝ 400- 500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600 - 700 հազար դրամ վարձատրություն, և 31 շարքային զինծառայող 700 հազար դրամ և ավելի վարձատրություն: Կրկին ես հատուկ հետաքրքրվել եմ՝ արդյոք 700 հազար և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի՞ են նաև մնացած բոլոր զինծառայողներին, սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի: Սա նույնպես շատ կարևոր արձանագրում է»,- ասել է վարչապետը:
Նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ: Մասնավորապես՝ նախատեսվող փոփոխությունները վերաբերելի են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի վերանայման, ինչպես նաև աճուրդն Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթներին:
Օրինագծերով նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաև աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթները: Մասնավորապես՝ վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով կամ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ աճուրդով: Աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Հողային օրենսգրքով, իսկ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է Կառավարությունը: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային աճուրդները թույլ են տալիս օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու։ Սա նվազեցնում է լրացուցիչ ծախսերը և վարչարարությունը։ Էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է բաց հարթակում, որը հասանելի է բոլորին՝ անկախ տարածությունից։ Նշվածը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերն ու ապահովում է, որ բոլոր հետաքրքրված անձինք կարողանան հավասար պայմաններով մասնակցել աճուրդին։ Էլեկտրոնային աճուրդը բաց է բոլորի համար, ինչը խթանելու է մրցակցությունը, ինչի արդյունքում բարձրանալու է հողերի գինը՝ համայնքի համար ապահովելով առավել շահավետ պայմաններ։ Կատարվել է փոփոխություն՝ Հողային օրենսգրքով գործող կարգավորումներից հանվել են նախկինում կիրառվող մեկնարկային գինը՝ հողի կադաստրային արժեքի 100, 50 և 30 տոկոսների տարբերակումները: Իրական շուկայական արժեքի գնահատմամբ կկիրառվի միասնական գնագոյացման քաղաքականություն: «Գնահատման գործունեության մասին» օրենքում բացակայում են պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի աճուրդային կարգով օտարումների գնահատման պարտադիր դեպքերը: Նախագծով առաջարկվում է նշված հողամասերը ընդգրկել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերի ցանկում, արդյունքում՝ պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կկիրառվի գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ըստ այդմ՝ պետական և համայնքային հողերը պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով: Վարչապետն ընդգծել է նաև աճուրդները հնարավորինս բաց ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը:
Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով
Կառավարության որոշմամբ առաջարկվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող անշարժ գույքը օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով: Համաձայն գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունների արտաքին հարդարումը բացակայում է, արտաքին պատերը քարից են։ Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Սանհանգույցը ունի վերանորոգման կարիք։ Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։
Եվրոպական հետազոտական տարածքի միջոցով Հայաստանը և Չեռնոգորիան կհամագործակցեն գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը միտված է զարգացնելու և ամրապնդելու երկու պետությունների միջև հարաբերությունները և խթանելու կրթության, գիտության և նորարարության ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը: Համաձայնագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները հնարավորություն կտան իրականացնելու կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության և աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ մշակված կրթական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ և սեմինարներ: Եվրոպական հետազոտական տարածքի միջոցով Հայաստանը Չեռնոգորիան կհամագործակցեն գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Համաձայնագրով կողմերն իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և փոխադարձության հիմունքներով կրթության և գիտության ոլորտների դասավանդող կազմի և գիտնականների համար յուրաքանչյուր տարի կտրամադրեն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցման և շարժունության ծրագրերի կրթաթոշակներ:
Կապահովվի պետական ներդրումների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է հստակեցնել հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) գործընթացի կիրառման սահմանները և առանձնահատկությունները: Մասնավորապես, հստակ սահմանվել են կապիտալ ծախսերի այն տեսակները, որոնք որոնց վրա կարգը չի տարածվելու: Բացի այդ,
նախատեսվում է հանրային ներդրումային ծրագրերը բաժանել 3 խմբերի՝ ըստ նախատեսվող ֆինանսավորման չափի՝ դասակարգելով դրանք փոքր, միջին և խոշոր ներդրումային ծրագրերի խմբերում: Փոքր ծրագրերի համար ՀՆԿ գործընթացի փուլերը չեն գործելու (վերջիններս ֆինանսավորվելու են ընդհանուր բյուջետային գործընթացով), իսկ միջին և խոշոր ծրագրերի համար անհրաժեշտ է լինելու տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում: Խոշոր ծրագրերի դեպքում, կախված դրանց բնույթից կարող է պատրաստվել նաև նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում: Այս փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել սահուն և պարզեցված գործընթաց փոքր, ինչպես նաև պարբերաբար իրականացվող, ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինման ուղղված ծրագրերի համար, իսկ միջին և խոշոր չափի ծրագրերի համար ապահովել որոշումների կայացման համար անհրաժեշտ հիմքերի որակյալ պատրաստումը: ՀՆԿ գործընթացում ծրագրերի պատրաստ լինելու վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով նախատեսվում է ներդնել ծրագրերի հասունության ձևաթուղթը և ծրագրի իրականացման պլանը: Այս փաստաթղթերը կնպաստեն բյուջետավորման գործընթացին ծրագրերի պատրաստ լինելուն և թույլ կտան էականորեն նվազեցնել առաջնահերթությունների ցանկում իրականացման փուլին անպատրաստ ծրագրերի ներառման և դրանց ֆինանսավորման հավանականությունը: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կապահովի Հայաստանում պետական ներդրումների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը՝ նպաստելով էական արդյունք ապահովող ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանրային ռեսուրսների արդյունավետ բաշխմանը և հանրային բարիքների ստեղծման ավելացմանը: Փոփոխությունների նախագիծը միտված է ապահովելու հանրային ներդրումային ծրագրերի՝ միջազգային փորձին համահունչ գնահատման մեթոդաբանության, ծրագրերի վերհանման, ընտրության և այլ կարևոր փուլերը կարգավորող արդյունավետ ընթացակարգեր:
Կբարելավվի ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացը
ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու համար՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ներկայիս 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալները փոխարինել 0.25 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 25 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալներով։ Արդյունքում՝ ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ապահովել երթևեկության անվտանգությունը, քանի որ նախագծով առաջարկվող տեխնիկական տվյալներ ունեցող տրանսպորտային միջոցները ներկայումս կարող են շահագործվել ՀՀ-ում առանց պետական գրանցման և հաշվառման, ինչը երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից կարող է առաջացնել մեծ ռիսկեր։
Կլավարկվի «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիրը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը լավարկելու, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ծրագրի փոխհատուցման բաղադրիչը նկարագրող՝ 27-րդ կետով սահմանված դրույթներով, վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի մասով վարկի փուլային եղանակով տրամադրման պարտադիր պայմանի բացակայությամբ, անասնաշենքի վերակառուցման պարագայում չափորոշիչների բացակայությամբ, ըստ փուլերի փոխհատուցում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի և նպատակային օգտագործման ժամկետի նվազեցման և կենդանիների քանակի առնվազն 90%-ի ապահովման նոր պահանջների սահմանմամբ, ինչպես նաև մի շարք դրույթների տարընկալմամբ: Արդյունքում՝ կբացառվեն տարընկալումները, ինչը կնպաստի շահառուների շրջանակի ընդլայնմանը և պետական աջակցությամբ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ավելացմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում առաջացող պարտավորությունների կատարումը: Ծրագրից օգտվելու են 4 շահառու: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների պահանջարկը 2025 թ. կազմում է շուրջ 985 000 հազար դրամ։
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ծառայության հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը կդադարեցվի, Ազգային անվտանգության ծառայության կողմից կիրականացվի արտաքին հակահետախուզական գործունեություն, ծառայությունն իրավասություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում, կնախատեսվեն ծառայությունը՝ առավելապես սահմանապահ զորքերը և հատուկ ստորաբաժանումները համալրելու համար անհրաժեշտ լրացուցիչ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարդիականցվեն օրենքներում առկա մի շարք դրույթներ։
Հավանություն է տրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ ուղղված անհայտ կորած անձանց
իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հիմնավորման՝ անհայտ կորած անձանց առնչվող հարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, դրանք որոշակի կարգավորում ստացել են այլ օրենքներով, Կառավարության որոշումներով և Պաշտպանության նախարարի հրամանով։ Ընդհանուր առմամբ, վկայակոչված իրավական կարգավորումներով որոշակի հպանցիկ անդրադարձ է կատարվել քննարկվող իրավահարաբերություններին: Ընդ որում, թեև նշված իրավական ակտերի այս կամ այն դրույթներով հիմնականում սահմանվում է անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների կողմից որոշակի սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը, անհայտ կորած անձանց առնչվող խնդիրները չեն սահմանափակվում միայն սոցիալական աջակցության տրամադրամբ։