Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հանրապետության նախագահն ընդունել է «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող մանկավարժներին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախագահին է ներկայացրել մրցույթի ու մրցութային անվանակարգերի վերաբերյալ մանրամասներ:

Հանրապետության նախագահը ողջունել և շնորհավորել է հաղթող ճանաչված մանկավարժներին: Իր խոսքում նախագահը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որը վկայում է պետական իշխանության կողմից կրթության և այս ոլորտի աշխատողների նկատմամբ ցուցաբերվող առաջնահերթ վերաբերմունքի մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին տարիների նվիրական աշխատանքի համար և շեշտել, որ անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում:

«Ձեզանից և ձեր աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան, որովհետև ուսուցիչը միայն մեխանիկական գիտելիք փոխանցող չէ, այլ պատանի սերնդի մոտ կարևորագույն արժեհամակարգեր ստեղծող»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին կրթության և գիտության ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնահերթություններին, ապա պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուսուցչի օրվան ընդառաջ՝ շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ: