Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ բացառում, որ մեր հայրենակիցների վերադարձի դիմաց հանձնվի ադրբեջանցի զինծառայողը. Խաչատրյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը չի բացառել Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի՝ Ադրբեջանում գտնվող հայերի դիմաց փոխանակման հնարավորությունը։

Նրա խոսքով՝ այս պահին նման քննարկումներ չեն ընթանում։ Ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում, և նախ պետք է տրվի իրավական գնահատական նրա գործողություններին, գործն ուղարկվի դատարան, և նա դատապարտվի ու սկսի կրել պատիժը Հայաստանում։

«Նոր դրանից հետո ուղղակի ես չեմ բացառում, այո, չեմ բացառում, որովհետև պրակտիկան ցույց է տվել, որ նման դեպքեր շատ են եղել, որ հնարավոր է՝ գերության մեջ գտնվող կամ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու դիմաց նաև հանձնվի այդ ադրբեջանցի զինծառայողը»,- ասել է Խաչատրյանը։

Միաժամանակ նա նշել է, որ այս պահին նման գործընթաց չկա, և դրա մասին խոսելը վաղ է։

Շաքիի միջադեպի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադառնալով՝ Վոլոդյա Հակոբյանն ասել է, որ վարչապետը կնոջ հասցեին մեղադրանք չի հնչեցրել, այլ նշել է, որ տվյալ իրավիճակում «մայրական բնազդն է աշխատել»։ Նրա խոսքով՝ Փաշինյանն ասել է, որ եթե կինը սպասեր ոստիկանությանը, միջադեպը կարող էր տեղի չունենալ կամ այլ ընթացք ստանալ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «քթերից բերելու» արտահայտությանը, Հակոբյանը պարզաբանել է, որ այն հնչել է քաղաքական համատեքստում։

Խաչատրյանն էլ ավելացրել է, որ սահմանը խախտելն ինքնին արդեն քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ զենքով սահմանը հատելու դեպքում կարող է առկա լինել նաև հանցագործությունների համակցություն։

Նա պնդել է, որ իր համոզմամբ՝ տեղի ունեցածը սովորական սահմանի խախտում է, և ադրբեջանցի զինծառայողը, ըստ իր վարկածի, զորամասից փախուստի է դիմել և հատել Հայաստանի սահմանը։

Խաչատրյանը նաև ասել է, որ քրեական վարույթի ավարտից և մեղադրական եզրակացությունից հետո գործի վերաբերյալ տեղեկությունները, պետական գաղտնիք պարունակող տվյալներից բացի, ամբողջությամբ կհրապարակվեն։