Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է լուրջ սպառնալիքներ․ Արեգ Քոչինյան (տեսանյութ)

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը գտնում է, որ որոշ բարձրաստիճան հոգևորականների և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատությունները հրահրվում են ՌԴ իշխանությունների կողմից։

Այդ դեպքում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր Ազգային ժողովում հայտարարում, թե չի հավատում, որ դա կազմակերպվում է Կրեմլից կամ ՌԴ կառավարությունից։

«Հայտարարել, թե արել է ռուսաց ցարը, դա այլ կարգի էսկալացիա է, որի կարիքը չկա։ Եթե մենք կարողանում ենք հարցերն այս մակարդակում լուծել, էսկալացնելու կամ քաղաքական պատասխանատվությունը ռուս ցարի վրա դնելու իմաստը չկա»,- մեկնաբանեց նա։

Այնուամենայնիվ, ըստ քաղաքական մեկնաբանի, ՌԴ-ն բրգաձև կառույց չէ, կան տարբեր աշտարակներ, որոնք ունեն տարբեր աստիճանի որոշումներ կայացնելու հնարավորություն։ Այդ աշտարակներից մի մասը որոշել է ՀՀ հետ շարունակել աշխատանքը ճնշումների, պարտադրման միջոցով․ «Դա երևաց Լավրովի այցի ժամանակ, նա այդ աշխատանքի կողմնակիցն է։ Մատվիենկոյի այցը բոլորովին այլ տրամաբանության, այլ մոտեցումների մասին էր։ Դա ավելի շահագրգռող, ավելի հետաքրքրություններ ստեղծող մոտեցումների մասին էր։ Թեև ես չեմ բացառում, որ լավ ոստիկան, վատ ոստիկան խաղը է գնում»։

Անդրադառնալով Թուրքիա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին՝ Արեգ Քոչինյանը շեշտեց, որ Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Նա կարծում է՝ քանի որ հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի առաջընթաց կա՝ ստորագրվել է Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, համաձայնեցվել է Խաղաղության համաձայնագիրը, այդպիսով Թուրքիայի ուղղությամբ մանևրելու տեղ է բացվել։ Եվ դա պետք է օգտագործել։

«Հայաստանի և Թուրքիայի շահերն ինչ-ինչ հարցերում բավականին մոտ են։ Պարզապես այս պահին Թուրքիայի կախվածությունները Ադրբեջանից ավելի մեծ են, քան հնարավոր օգուտները Հայաստանից»,- հավելեց Արեգ Քոչինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։