Օրացույց. 23-ը Ապրիլի․ Բողոքի ակցիաներ, քաղաքական ուղերձներ ու պայքար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի ապրիլի 23-ին Երիտասարդական կուսակցությունը պահանջում էր ԱՄՆ Կոնգրեսից ընդունել հայոց ցեղասպանության փաստը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Պահանջագիրը հանձնվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։
Սկսած 1999-ից ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այս ավանդույթի ձեւավորողը Դայ հեղափոխական դաշնակցությունն է, կազմակերպիչը՝ Դաշնակցության ուսանողական եւ երիտասարդական միությունները։ Երթին, սակայն, մասնակցում են ոչ միայն դաշնակցականներ, իսկ միջոցառման պարտադիր ատրիբուտներից է Թուրքիայի դրոշի այրումը։
1999-ի այս օրը Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ սպասվող պառլամենտական ընտրություններին մասնակցելով՝ Դաշնակցությունը կամենում է ճշգրտել իր տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում։ 1995-ի ընտրությունների ժամանակ կուսակցությունը կասեցված էր, եւ սա Դաշնակցության առաջին մասնակցությունն էր հայաստանյան խորհրդարանական ընտրություններին։
2000-ի ապրիլի 23-ին իրենց հայրենիքում որպես լիարժեք քաղաքացի ապրելու իրավունքի ճանաչում էին պահանջում Ադրբեջանից տեղահանված փախստականները։ Նրանք իրենց անորոշ կարգավիճակի համար մեղադրում էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ապագա Հյուսիսային պողոտայի տարածքում բնակվող մոտ 500 ընտանիքներ բողոքում էին, թե հայրենի կառավարությունն իրենց բռնի տեղահանության է ենթարկում։ Իրացման գոտի հայտարարված տարածքի բնակիչներին զայրացրնում էր, որ պաշտոնական իրազեկում չեն ստացել ո՛չ կառավարության որոշումից առաջ, ո՛չ հետո։ Բնակիչներին չէր գոհացնում նաեւ տրվելիք ֆինանսական փոխհատուցման մասին խոսակցությունը։
2002-ի ապրիլի 23-ին բողոքի ակցիա տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանի մոտ՝ ջազ փառատոնի փակման ժամանակ` Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից 2001թ սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանի սպանության առիթով։
2004-ի այս օրը քրեակատարողական հիմնարկում հացադուլ սկսեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամազդ Զաքարյանը։
2010-ի այս օրը ՀՀԿ խոսնակ Շարմազանովը պատասխանում էր հարցին՝ մի՞ թե ամբողջ մեկ տարի էր պետք ՀՀ նախագահին՝ հասկանալու համար, որ հայ-թուրքական արձանագրությունները նախապայմաններ են պարունակում։
2013-ի ապրիլի 23-ին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա էր։ Պատճառը չդրոշմապիտակված սկվառակների վաճառքի արգելքն էր։ Այս բիզնեսով զբաղվողները պահանջում էին թույլատրել գոնե նախկինում ձեռք բերված սկավառակների իրացումը։
2013-ի այս օրը Երեւանի տարբեր թաղամասերում ոստիկանների աչքի առջեւ անարգել ծեծի էին ենթարկվում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ։ Նոր Նորքում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապոյանը հարվածել էր ընդդիմադիր լրագրող Հակոբ Կարապետյանին, ով փորձում էր տեսագրել Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում հանրապետականների ընտրական հանդիպումը։ Իսկ 17-րդ թաղամասում ծեծի էր ենթարկվել ՀԱԿ քարոզչական թերթիկները տարածող Ալեքսանդր Հախվերդյանը։