Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ-ն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կշարունակեն բանակցություններում առաջընթաց գրանցած աշխատանքները. ԱԳՆ (տեսանյութ)

«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները», - ասված է պաշտոնական Երևանի և Բաքվի հրապարակած հաղորդագրությունում:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրով-Բլինքեն եռակողմ հանդիպումը։

Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետքարտուղարը ելույթ է ունեցել, շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։

«Շուրջ մեկուկես տարի Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Սա երկարատև և արժանապատիվ գործընթաց է և բացառիկ հնարավորություն է 2 երկրների և տարածաշրջանի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար: Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները աջակցել է իր օգնությամբ, աջակցել է Եվրամիության և եվրոպական բազմաթիվ այլ գործընկերների հետ միասին։ Այսօր հնարավորություն է ստեղծվել, ամբողջացնելու առաջընթացը, որ ձեռք է բերվել, ավարտին հասցնել, այն, ինչ մնացել է։ Ես հավատում եմ, որ 2 երկրներ էլ շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, դրան ԱՄՆ-ը շատ- շատ է աջակցում։ Այսօր կտեսնենք, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու հասնել համաձայնության», - հայտարարել է Էնթոնի Բլինքենը։

Ժամեր անց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները հրապարակեցին հետևյալ հաղորդագրությունը.

«Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:

Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար»։