Պետք է ուսումնասիրենք ուկրաինական զարգացումները․ այն կարող է օգտագործվել մեր տարածքում․ Ս․Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք անպայման պետք է ուսումնասիրենք Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող դեպքերը։ Նույն սխեման կարող է օգտագործվել մեր տարածաշրջանում, հետխորհրդային տարածքներում», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ուկրայինայի շուրջ կատարված վերջին իրադարձություններին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե «այս պահից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը»։ Միաժամանակը՝ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության էր եկել համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ։
Արդյոք այս պայմանավորվածությունները չե՞ն նշանակում, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցությունները Թրամփը ծառայեցնում է ԱՄՆ շահերի օգտին։ Եվ արդյոք Պուտինի հետ նման մի բանակցությունների ժամանա՞կ էլ Թրամփը ՌԴ-ին չի զիջի ՀՀ հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու ծրագրերը։ Թեկուզ՝ TRIPP-ը։ Հատկապես, որ ՌԴ-ից չեն դադարում հիշեցնել 2020թ․նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ Հարավային Կովկասում հարցերը լուծելու համար Թրամփը լեզու գտնի Պուտինի հետ։ Ինչ վերաբերում է իր անունը կրող՝ Մեղրիի երկաթգծի վերականգնման TRIPP ծրագրին, ապա քաղաքագետը կարծում է, որ այդ ուղին Թրամփի համար կարևոր է ոչ միայն ֆինանսատնտեսական հարցերով, այլև իր վարկանիշի համար։ Չէ՞ որ այն իր անունն է կրում։
«Ինչպե՞ս կարող է իր իմիջը հանձնել Պուտինին։ Թրամփի համար շատ կարևոր է, ոչ միայն ֆինանսական և տնտեսական հարցերը, այլ իր իմիջի հարցը։ Բայց դա կազդի՞ մեր տարածաշրջանի խաղաղության, Կենտրոնական Ասիայի հարցերի լուծման վրա։ Այո՛, կազդի։ Եթե շրջանցում են Ուկրաինայի նման 40-45 մլն բնակչություն ունեցող մեծ երկրին, մեր նման փոքր երկրներին կշրջանցեն ու կշրջանցեն»,- եզրափակեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։