Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԳԱԱ 25741
A A
Պաշտոնական

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է 2023 թվականի հայտերի մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023 թվականի հայտերի մրցույթ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023 թվականի հայտերի մրցույթ։

 

ՀՀ ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետևյալ բնագավառներում`

· ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ),

· քիմիա, կյանքի և Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ),

· հասարակական և հումանիտար գիտություններ (մեկ անվանակարգ)։

 

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։

 

Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 ՀՀ դրամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

 

ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի երկրորդ անգամ հավակնել այն ստանալու։ Հայտը չպետք է պարունակի արդյունքներ, որոնց համար հեղինակները կամ այլ անձինք արդեն ստացել են ՀՀ ԳԱԱ մրցանակ կամ դրանք վերջին 5 տարիների ընթացքում արժանացել են ՀՀ որևէ այլ պարգևի՝ ՀՀ Նախագահի

մրցանակ, ՀՀ պետական մրցանակ, ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակ և այլն։

 

ՀՀ ԳԱԱ մրցանակի հայտեր կարող են ներկայացնել ՀՀ գիտական, գիտակրթական, գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցները կամ դրանց խմբերը` կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբերի կազմում կարող են ներգրավվել նաև տվյալ հայտի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացրած օտարերկրյա գիտնականները։ Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն 1 աշխատանք:

 

ՀՀ ԳԱԱ 2023 թվականի մրցանակի մրցույթին պետք է ներկայացվեն հիմնարար հետազոտությունների 2018–2023 թվականների և կիրառական մշակումների 2013-2023 թվականների ընթացքում ձեռք բերված արդյունքները։

 

Հայտերի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու`

· հիմնարար հետազոտությունների դեպքում` գիտական աշխատանքի կամ շարքի գիտական ազդեցությունը, արդիականությունը, նորույթը, գիտական նոր ուսումնասիրություններ կամ ուղղություններ խթանելու հնարավորությունը, տվյալ գիտական ուղղությունից դուրս ազդեցության մակարդակը, գիտական համագործակցությունը խթանելու աստիճանը, հեղինակների ներդրումը, աշխատանքի ընդհանուր նկարագիրը

· կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում` գիտական ազդեցությունը, նորույթը, լաբորատոր, փորձնական նմուշների, արդյունաբերական կամ սերիական արտադրության առկայությունը, պետական պատվերով կատարումը կամ տեղական/միջազգային շուկաներում վաճառքը, հաստատված լաբորատոր կամ արտադրական գիտատեխնիկական փաստաթղթերը, արտոնագրերը, առկա պահանջարկը՝ համագործակցության կամ պայմանագրային արտադրության համաձայնագրեր, առքուվաճառքի պայմանագրեր:

 

Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ն է։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թվականի ապրիլին՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ։

 

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

1. դիմում-հայտ, իսկ համահեղինակության դեպքում` նաև մասնակցության համար համահեղինակների համաձայնությունը (լրացվում է առցանց («online») եղանակով),

2. հեղինակ(ներ)ի անձնագր(եր)ի և սոցիալական քարտ(եր)ի պատճենները,

3. հեղինակ(ներ)ի բանկային անձնական հաշվեհամար(ներ)ը,

4. հեղինակ(ներ)ի կենսագրական տվյալները («resume/CV»),

5. աշխատանքը ներկայացնող կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,

6. հեղինակ(ներ)ի`

· վերջին 5 (հինգ) տարիների (2018-2023թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը՝ հիմնարար հետազոտությունների դեպքում,

· վերջին 10 (տասը) տարիների (2013-2023թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը և գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների ապրանքայնացման մակարդակը հիմնավորող փաստաթղթերը` արտոնագրեր, կանոնակարգեր, շուկայական պահանջարկը հիմնավորող փաստաթղթեր, իրացման պայմանագրեր և այլն` կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում,

7. երեք երաշխավորագիր (կարծիք)` աշխատանքը մրցանակի արժանի լինելու վերաբերյալ` տրված տվյալ ոլորտի մասնագետների կողմից (նրանցից առնվազն մեկը պետք է լինի օտարերկրյա մասնագետ),

8. մրցույթին ներկայացվող աշխատանքի ընդհանուր նկարագիրը` մինչև 5 (հինգ) էջի սահմաններում` հայերեն և անգլերեն,

9. մրցույթին ներկայացվող աշխատանքը։

 

Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

· հայտատուն պետք է առցանց («online») լրացնի դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/BPR4CJEcpfbyZTmq5 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել),

· հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները,

· փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected]՝ նամակի «Subject» դաշտում նշելով մրցույթի անվանումը,

· եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից,

· առցանց («online») լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79 (1-99), 010 56-81-83 (1-36):

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին