Հայաստանի ֆուտբոլիստները՝ եվրոպական լիգաներում
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել են ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի և Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումները:
Բոլորից վստահ հանդես են եկել Թուրքիայի թիմերը, որոնք չորս խաղում տոնել են նույնքան հաղթանակ: Երեքական «վիկտորիա» են գրանցել Հունաստանի և Նիդեռլանդների ներկայացուցիչները: Առանց պարտության են ընթանում ևս 11 երկրներ, այդ թվում Պորտուգալիան ու Չեխիան, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են երկուական հաղթանակ:
Առավել անհաջող հանդես են եկել 20 երկրների ակումբները, հատկապես Լատվիան, Մալթան, Ուկրաինան, Բելառուսը, Իսլանդիան, Սլովակիան, Սերբիան ու Շվեյցարիան, որոնց թիմերը երկուական պարտություն կրել:
Ինչ վերաբերում է խաղերին մասնակցած այսպես ասած «հայկական» թիմերին, որոնցում հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլիստները, ապա հաղթանակ է տարել միայն Կամո Հովհաննիսյանի և Վարազդատ Հարոյանի թիմը՝ «Աստանան», որը Եվրոպայի լիգայի խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցին»: Իսկ ահա Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» չեմպիոնների լիգայում սեփական դաշտում զիջել է իսրայելական «Մաքաբիին»՝ 1:2: Կոնֆերենցիաների լիգայում Վահան Բիչախչյանի «Պոգոնը» և Ստյոպա Մկրտչյանի «Օսիեկը» հյուրընկալվելիս խոշոր 0:5 և 1:5 հաշվով պարտվել են համապատասխանաբար բելգիական «Գենտին» ու թուրքական «Ադանադեմիրսպորին»:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգային մասնակցող Հայաստանի միակ թիմը՝ Երևանի «Փյունիկը», առաջին խաղում հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է նորվեգական «Բուդյո-Գլիմտին»:
Եվրոպական լիգաների հերթական խաղերը տեղի կունենան օգոստոսի 15, 16 և 17-ին: