Բացել լրահոսը Փակել լրահոսը
673594188_1283661687286094_1907937299545636026_n
A A
Պաշտոնական

Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են․

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։

Հաստատության տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման վիճակը, բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հիմքերը և կարգը, անձնական հիգիենայի ապահովման պայմանները, հաստատության սանիտարահիգիենիկ վիճակը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, իրավաբանական օգնության հասանելիությանն առնչվող և մի շարք այլ հարցեր։
Պաշտպանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ։
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել բուժառուների զբաղվածության ապահովման հնարավորությունների հետ կապված հարցերին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն համակարգային քայլեր։

Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանը ծանոթացել է հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին՝ ընդգծելով նրանց համար պատշաճ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարևորությունը։

Պաշտպանը ողջունելի է համարել շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրանք պետք է կրեն շարունակական բնույթ: Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև բուժառուների իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման կարևորությունը։

Արձանագրված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո և ենթակա են հետագա մանրամասն ուսումնասիրության։ Արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է, որ հոգեկան առողջության պահպանման հաստատություններում գտնվող անձանց իրավունքների ապահովումը պետության հիմնարար պարտավորություններից է, և նրանց նկատմամբ պետք է երաշխավորվի արժանապատիվ և մարդակենտրոն վերաբերմունք։