Հայկ Մարտիրոսյանը 6-րդ տեղը գրավեց Իսպանիայում կայացած շախմատի խոշոր մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել Իսպանիայում ավարտված 42º OPEN INTERNACIONAL DE AJEDREZ VILLA DE BENASQUE շախմատի խոշոր մրցաշարում։
Այսօր կայացած վերջին՝ 10-րդ տուրում, առաջատարներին հետապնդող մեր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց իսպանացի Ռենիեր Կաստելյանոսին և վաստակեց 8 միավոր։ Ավաղ, նա դուրս մնաց առաջատար եռյակից, քանի որ հաղթանակներ տարան նաև իրենից կես միավոր շատ ունեցող երեք շախմատիստները։ Լրացուցիչ գործակիցներով Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը, որի համար նա կստանա 800 եվրո պարգևավճար։
Մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրից առաջ նույնպես ուներ 7 միավոր, անսպասելի պարտվեց միջազգային ոչ մի կարգ չունեցող չինացի շախմատիստ Քսյոնջին Պենին։ Նա զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը և զրկվեց դրամական պարգևից, որը նախատեսված էր 1-20-րդ տեղերի համար։
Հայաստանից մասնակցող 60-ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց իսպանացի Խավիեր Աբանսի հետ և վաստակած 7 միավորով զբաղեցրեց 30-րդ տեղը։ Կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 127-րդ հորիզոնականում։