Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-armenia
A A
Սպորտ

Այս պահին մեզ գոհացնում է թիմի խաղը. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շատ լավ ուսումնասիրել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ խաղարկության որակավորման առաջին փուլի առաջիկա մրցակցին՝ Ալբանիայի «Էգնատիային»։

 

«100 տոկոսով ծանոթ ենք մրցակցին, գիտենք ինչ ֆուտբոլ է դավանում: Հիմնականում լեգեոներներն են տոն տալիս թիմում: Հարձակման գիծը լավ տպավորություն է թողնում: «Էգնատիան» ունի նաև հավաքականի ֆուտբոլիստներ: Որակյալ թիմ է», - այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը:

 

Խոսելով թիմի նախապատրաստական փուլի և սելեկցիայի մասին, Վարդան Մինասյանն ասաց, որ կարճ ժամանակում արել են այնքան, որքան որ կարողացել են:

 

«Ընդհանուր թիմային աշխատանքը մենք սկսել ենք հունիսի 18-ից, չնայած մի քանի խաղացողներ մեզ ուշ միացան, որովհետև հավաքականի կազմի ֆուտբոլիստներ էին։ Տարբեր պատճառներով թիմից հեռացել են 9-10 ֆուտբոլիստներ։ Այս պահին, կարող եմ ասել հստակ, եթե չհաշվենք դարպասապահ Արսեն Բեգլարյանին, ապա ունենք 2 նորեկ։ Մեզ են միացել մեկ կենտրոնական պաշտպան Բրազիլիայից և մեկ պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան, որը ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Մենք 4 հարձակվող ունեինք, բայց նրանցից 3-ն արդեն թիմում չեն։ Այս պահին միայն Էզան է։ Հիմա սպասում ենք ևս մեկ հարձակվողի:

 

Կարելի է ասել, որ թիմը կոմպլեկտավորված է դեռ 50 տոկոսով, բայց դա շարունակական է լինելու, որովհետև մինչև սեպտեմբեր տրանսֆերային պատուհանը բաց է լինելու։ Ինչ վերաբերում է նախապատրաստական փուլին, ապա գոհ ենք այն ամենից, ինչ հասցրեցինք անել։ Ունեցանք 2 ընկերական խաղ Երևանում, ևս 2 խաղ՝ Վրաստանում։ Այն, ինչ որ թիմը ցույց տվեց և մենք տեսանք, այս պահին մեզ գոհացնում է», - ասեց Վարդան Մինասյանը։

 

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչպիսի ներուժ ունի ալբանական թիմը, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն ասաց. «Վերջին մեկ տարվա մեջ «Էգնատիան» 20 նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Դա վկայում է ակումբի ֆինանսական կայունության մասին: Իսկ այն, ինչ գրում են ԶԼՄ-ներում, խոսում է այն մասին, որ ակումբը ցանկանում է լուրջ հաջողությունների հասնել եվրոպական մրցաշարերում»:

 

«Արարատ-Արմենիա» – «Էգնատիա» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19։00-ին։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբը, հանդիպման մուտքն ազատ է, սակայն մարզադաշտ մուտք գործելու համար ֆուտբոլասերները նախապես պետք է իրենց մոտ ունենան տոմս, որն անվճար կարելի է ձեռք բերել մարզադաշտից՝ հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ։