«Ուրարտուն» պարտությունով մեկնարկեց չեմպիոնների լիգան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ուրարտուն» այսօր առաջին խաղն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգային որակավոևման 1-ին փուլում՝ սեփական դաշտում ընդունելով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»:
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, առանց դիտարժան պահերի: Կողմերը մեկական վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն տանտերերի հարվածը շեղ ստացվեց, իսկ ահա հյուրերը ստուգեցին դարպասաձողի ամրությունը:
Երկրորդ խաղակեսն արդեն անցավ «Ուրարտուի» փոքր տարածքային առավելությամբ: Մեր ֆուտբոլիստները 4 անգամ շատ հարված կատարեցին մրցակից դարպասին, սակայն դրանք այդպես էլ չհասան նպատակին, իսկ ահա բոսնիացի խաղացողները ընդամենը երկու անգամ սպառնացին, որից մեկն ավարտվեց դարպասի գրավումով: Դա տեղի ունեցավ 89-րդ րոպեին, անկյունային խաղարկությունից հետո, երբ բարձրահասակ պաշտպան Մատեյ Սենիչը գլխի հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը:
Այդպիսով, «Ուրարտուն» ցավալի պարտություն կրեց չեմպիոնների լիգայի առաջին խաղում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոստարում, հուլիսի 18-ին: Հաջորդ փուլ մտնելու համար «Ուրարտուն» պետք է հաղթի երկու գնդակի առավելությամբ, իսկ նվազագույն հաշվի դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարում: