Հայաստանը դեռևս մեդալ չի նվաճել Եվրոպական խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկած Եվրոպական ամառային 3-րդ խաղերում այսօր վիճարկվեցին մեդալների առաջին հավաքածուները:
Մրցումային առաջին օրը բոլորից շատ ոսկե մեդալ նվաճեցին Ուկրաինայի մարզիկները՝ 4: Ապա հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Թուրքիան ու Լեհաստանը՝ 2-ական: Մեդալների ընդհանուր քանակով առաջինը Իտալիայի թիմն է՝ 8:
Հայաստանից այսօր մեդալների համար պայքարի մեջ մտան հրաձիգները: Կանանց 10 մետր օդամղիչ ատրճանակով մրցաձևի որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը 572 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը 573 միավորով գրավել է 22-րդ տեղը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականն այսօր ավարտել է ելույթները Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվող Եվրոպայի առաջնության 3-րդ դիվիզիոնում: Մեր թիմն ընդհանուր հաշվարկով վաստակել է 255 միավոր և 15 մասնակիցների մեջ զբաղեցրել 10-րդ տեղը: Այս դիվիզիոնում հաղթել է Իռլանդիան՝ 494 միավոր, որը եկող տարի հանդես կգա արդեն 2-րդ դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը 16,36 մ արդյունքով հաղթել էր եռացատկի մրցումներում: Մրցանակային 3-րդ տեղերն են զբաղեցրել հեռացատկորդ Յանա Սարգսյանը և վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մետրում:
Հայաստանը Եվրոպական ամառային 3-րդ խաղերում ներկայացել է 57 մարզիկով, որոնք հանդես կգան 9 մարզաձևում: