Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Երևանում անցկացվեց հայ-կորեական բարեկամությանը նվիրված թաեքվոնդոյի մրցաշար

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում այսօր անցկացվեց թաեքվոնդոյի մրցաշար՝ նվիրված հայ-կորեական բարեկամությանը:

«Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Կորեայի Հանրապետության դեսպանությունը, որը նաև համարվում է այդ երկրի դեսպանությունը Հայաստանում, չորրորդ տարին անընդմեջ ֆինանսավորում և անցկացնում է թաեքվոնդոյի մրցաշար, որը նվիրված է մեր երկու երկրների բարեկամությանը: Այս տարի մասնակցում են 7-22 տարեկան մոտ 300 մարզիկ-մարզուհի: Այժմ Երևանում է գտնվող Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ դեսպանը: Նա հանդիպել է ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած միջոցառմանը դեսպանն անչափ ուրախացավ, երբ մեր երեխաները հանդես եկան թաեքվոնդոյի ցուցադրական ելույթներով: Այսօրվա մրցումներին անձամբ ներկա է ՌԴ-ում կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն Պակ Չոն Կոնը», - «Ա1+»-ին տեղեկացրեց Երևանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը:

«Անչափ շնորհակալ եմ, որ Երևանում տեղի է ունենում այսպիսի փառատոն: Սա թվով 5-րդ նման միջոցառումն է Հայաստանում: Իհարկե, Կովիդ-19-ի պատճառով մեզ չի հաջողվում ավելի մեծ չափերով կազմակրեպել նման փառատոններ, սակայն մենք ցանկանում ենք, որ կորեացիները շատ բան իմանան Հայաստանի մասին, և հակառակը, հայերը ծանոթանան կորեական մշակույթի հետ: Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունը դեռ դեսպանություններ չունեն. Հայտնի չէ, թե երբ կբացվեն դրանք, սակայն երկու երկրներն էլ մեծ ցանկություն ունեն այն իրականացնելու հարցում», - ասաց ՌԴ-ում կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն Պակ Չոն Կոնը:

Հավելենք, որ ՌԴ-ում Կորեայի դեսպանությունը նախատեսել է Մոսկվայից թաեքվոնդոյի մարզագույք բերել Հայաստան՝ թաեքվոնդոյի դպրոցներին տրամադրելու համար: